Անցյալ տարի աշխարհում արտադրվել է ավելի քան 92 միլիոն ավտոմեքենա, առաջատար դիրքերում՝ Չինաստանը, ԱՄՆ-ն և Ճապոնիան։ Այս երեք երկրները կազմել են արտադրված բոլոր տրանսպորտային միջոցների 54%-ը, սակայն զարգացող շուկաները, մասնավորապես՝ Հնդկաստանը, Մեքսիկան և Բրազիլիան, ևս բարձրանում են վարկանիշային աղյուսակում։

2024 թվականին Չինաստանն արտադրել է ավելի քան 31 միլիոն ավտոմեքենա, ինչն ավելին է, քան Միացյալ Նահանգների և Ճապոնիայի համակցված արտադրությունը։ Այս մասշտաբը պայմանավորված է ներքին մեծ պահանջարկով, էլեկտրական ավտոմեքենաների արագ ներդրմամբ և աճող արտահանման ցանցով, գրում է Naked Science-ը։ Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան աշխարհի հաջորդ խոշորագույն ավտոարտադրողներն են, չնայած երկու երկրներն էլ 2023 թվականի համեմատ արտադրության անկում են գրանցել։

Ուշագրավ է իմանալ տարբեր երկրներում ավտոարտադրության տարբերությունը։ Օրինակ՝ Չինաստանում արտադրության մեծ մասը կազմում են ուղևորատար ավտոմեքենաները (27,5 միլիոն), այլ ոչ թե առևտրային տրանսպորտային միջոցները (3,8 միլիոն)։ Իրավիճակը տրամագծորեն հակառակն է Միացյալ Նահանգներում, որը 2024 թվականին արտադրել է 9,1 միլիոն առևտրային ավտոմեքենա՝ ընդամենը 1,4 միլիոն ուղևորատար ավտոմեքենայի համեմատ։

Զարգացող շուկաներն ամրապնդում են իրենց կարգավիճակը որպես խոշոր ավտոարտադրության կենտրոններ՝ պայմանավորված եկամուտների աճով, տարածաշրջանային առևտրային գործարքներով և մատակարարման շղթաների տեղափոխմամբ ավելի բարձր ծախսեր ունեցող տարածաշրջաններից։ Օրինակ՝ Մեքսիկան դարձել է խոշոր արտադրական բազա այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսին է BMW-ն, որը 2019 թվականին բացել է իր Սան Լուիս Պոտոսիի գործարանը։ Tesla-ն էլ մտադիր է Մեքսիկայում Gigafactory բացել։