Nissan Motor-ն օգոստոսի 21-ին ներկայացրեց վերջին սերնդի X-Trail T33 քրոսովերի սպորտային տարբերակը: NISMO մոտոսպորտային բաժնի ինժեներները աշխատել են հատուկ տարբերակի վրա, այդ պատճառով էլ այն անվանման մեջ նշված է նման նախածանցով, գրում է Drom.ru-ն:

Նոր մոդիֆիկացիան հիմնված է լիաքարշակ X-Trail e-4ORCE-ի վրա: Ավտոմեքենան մոդիֆիկացնելիս հիմնական շեշտը դրվել է կառավարման բարելավման վրա:

Ինժեներները գրեթե չեն դիպչել հիբրիդային շարժիչին: Այն աշխատում է հաջորդական սխեմայով, այսինքն՝ ներքին այրման շարժիչը միացված չէ անիվներին, այլ օգտագործվում է միայն քարշակման մարտկոցները լիցքավորելու համար՝ գեներատորի միջոցով, որոնք, իրենց հերթին, սնուցում են էլեկտրական շարժիչը: Առջևի էլեկտրական շարժիչը արտադրում է 198 ձիաուժ և 330 Նմ պտտապահ, հետևիը՝ 132 ձիաուժ և 195 Նմ: NISMO-ում համակարգը վերակազմակերպվել է՝ բարձր արագությամբ շրջադարձեր անցնելիս պտտապահն այժմ ավելի արդյունավետ է բաշխվում առանցքների միջև, ինչը բարելավել է ավտոմեքենայի կայունությունը: Հայտնվել է նախապես տեղադրված Sport ռեժիմ, որի դեպքում գազի ոտնակի սեղմման արձագանքն ավելի սուր է։

Անիվների կախոցն օգտագործում է ավելի կոշտ KYB Swing Valve հարվածամեղմիչներ, որոնք ճնշում են գլորումը: Ստանդարտ անվադողերը փոխարինվել են 20 դյույմանոց Michelin Pilot Sport EV-ով: Կառավարման համակարգը վերակազմակերպվել է՝ սպորտային զգացողություն ստանալու համար։

Արտաքին տեսքը ներառում է աերոդինամիկ թափքի հավաքածու, որը ներառում է բարձիկներ ինչպես բախարգելների, այնպես էլ կողային «փեշերի» վրա։

Սրահում կան Recaro առջևի նստատեղեր՝ առաջադեմ կողային հենարանով: Ղեկը ռալլի ավտոմեքենաների  պես զրոյական դիրքի նշան ունի։

Ճապոնիայում X-Trail NISMO-ն վաճառքի կհանվի սեպտեմբերի 24-ից, գինը կկազմի 5 միլիոն 416 հազար 400 իեն։