Շատ է խոսվում Հայաստանը տարածաշրջանային IT կենտրոն վերածելու գաղափարի մասին, սակայն գործնականում այս ուղղությամբ հանրությունը քայլեր չի տեսնում, և դրա առաջին պատճառը մեր կյանքում որակյալ IT լուծումների պակասն է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման անդամ Ռոբերտ Կադարյանը։
«ТТ ոլորտի մեր ընկերությունները ծառայություններ են մատուցում աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն Հայաստանում ներգրավված են նրանց ընդամենը 10%–ը։ Ի՞նչ պետք է անել. սկսել պետական ծառայությունների ամբողջական թվայնացումից: Ներկայումս ունենք մի վիճակ, երբ առանձին-առանձին թվայնացված են հարկային, մաքսային, առողջապահական և այլ ոլորտներ, սակայն չկա մեկ ընդհանուր միասնական հավելված կամ էլեկտրոնային հարթակ, որը կմիավորի այս ամբողջը:
Համախմբում ենք ամբողջ պետական ծառայությունները քաղաքացու բջջային հեռախոսի մեջ և տալով նրան հնարավորություն անկախ իր գտնվելու վայրից հեշտությամբ օգտվելու պետական ծառայություններից։ Նմանատիպ օրինակների համար պետք չի գնալ Սինգապուր կամ Էստոնիա, մեր տարածաշրջանի երկրները վաղուց ունեն նմանատիպ գործիքներ օրինակ Վրաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում։ Թվային ծառայությունները պետք է դառնան քաղաքացի–պետություն հարաբերություններն ավելի թափանցիկ դարձնելու գործիք և կարճ ժամանակում անցում կատարենք «zero click government» տեխնոլոգիաներին, երբ քաղաքացին այլևս չի դիմելու պետական հաստատություններին օրենքով սահմանված ծառայություններից օգտվելու համար։ Օրինակ, թոշակի տարիքը լրանալուց հետո մարդը չպետք է հավաքի փաստաթղթերի մի փաթեթ, ներկայացնի սոցիալ բաժին, սպասի որոշ ժամանակ, այլ համակարգը ավտոմատ պետք է նրան հաշվառի թոշակ ստացող քաղաքացիների ցանկում և նրան ծանուցում ներկայացնի։ Նույնը նաև երեխայի նպաստը ստանալու համար։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել»,–ասաց նա։
Կադարյանի խոսքով, դատական համակարգը ևս պետք է պատշաճ թվայնացվի. «Սա էլ երևի վերջերս արդի խնդիրներից մեկն է, երբ «Դատալեքս» համակարգը շաբաթը կարող է մի քանի անգամ խափանվել և դատավորները ոչ թե էլեկտրոնային անկախ վիճակով նշանակվեն, այլ խափանման պատճառով նշանակվեն SMS-ներով կամ զանգի միջոցով։
Մենք Հայաստանը պետք է դիրքավորենք որպես ստարտափ հիմնելու և զարգացնելու համար նախատեսված երկիր, պետք է ստեղծենք էկոհամակարգ, որտեղ մարդիկ կգան այլ երկրներից՝ ունենալով ընդամենը մեկ ճամպրուկ և համակարգիչ և հեշտությամբ կհիմնեն իրենց բիզնեսը։ Մշակելու ենք բազմաթիվ ծրագրեր ստարտափների համար։ Օրինակ, եթե կազմակերպությունը ներգրավելու է սկսնակ աշխատակից, ով նոր է ավարտել համալսարանը կամ նախկինում IT ոլորտում փորձ չի ունեցել, պետությունը պատրաստ պետք է լինի ֆինանսավորել նրա աշխատավարձի մինչև 50%-ի չափով, մինչև աշխատողը կայանա և լիարժեք մտնի աշխատաշուկա։ Նաև, եթե ստարտափները ներդրումներ են ներգրավելու համաշխարհային ճանաչում ունեցող թոփ 100 վենչուրային ֆոնդերից, պետությունը ևս հավատալով նրանց գաղափարներին, տրամադրելու է անտոկոս գումար, անտոկոս միջոցներ կազմակերպությունը կայացնելու համար։ Կարճ ասած, անելու ենք մեր ձևով»,– իր խոսքն ամփոփեց նա։





























