Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում մրցելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Սահակյանը եւ ընդդիմությունից ինքնաառաջադրված ՀՀՇ-ական Անանիկ Նիկողոսյանը: Սակայն շատ հավանական է, որ Անանիկ Նիկողոսյանը հետ կանգնի ընտրապայքարից: Այս մասին NEWS.am-ի հայտնեց ինքը` ՀՀՇ-ից ինքնաառաջադրված Անանիկ Նիկողոսյանը:
Նա նշեց, որ Սպիտակ քաղաքում նախընտրական իրավիճակը հանդարտ է, ոչ խախտումներ կան, ոչ` ընտրակաշառք: Խոսելով իր շանսերի եւ իր գլխավոր առավելության մասին, Նիկողոսյանը նկատեց. «Մյուս թեկնածուի հետ ընտրապայքարում իմ շանսերը համարյա 50/50 եմ գնահատում: Ճիշտն ասած դեռ չեմ ցանկանում առավելություններից եւ առհասարակ երկար խոսել, քանի որ ընտրապայքարս շարունակելու հետ կապված հարցեր ունեմ ճշտելու: Չի բացառվում, որ հետ կանգնեմ ընտրապայքարից»:
Հարցին, թե եթե իր շանսերը 50/50 է գնահատում, ո՞րն է պատճառը, որ ցանկանում է հետ կանգնել ընտրապայքարից, նա պատասխանեց. «Դե ես ինքնաառաջադրված եմ, բայց այս ընտրապայքարում աշխատանքները պետք է շատ ուժեղացվի, ես էլ այդ ուժեղացնելու ռեսուրսները չունեմ»:
Իսկ երբ հարցրեցինք, թե ինչո՞ւ ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ն իրեն չեն աջակցում, ինչպես օրինակ Սասուն Միքայելյանին, Նիկողոսյանը պատասխանեց, որ դեռ պետք է ճշտի, որովհետեւ ինքը եւս չգիտի, թե որն է պատճառը:
«Խնդրանքով դիմել եմ ՀՀՇ-ին, ներքին քննարկում է եղել եւ ասել են, որ ամբողջ ռեսուրսները` մարդկային, ֆինանսական, կենտրոնացնելու են Հրազդանում»,- ավելացրեց Անանիկ Նիկողոսյանը:
Իսկ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով իր շանսերից, նշեց, որ չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց եթե բարձր չգնահատեր իր շանսերը, չէր առաջադրվի:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե իր եւ Նիկողոսյանի շանսերը 50/50 են, գործող քաղաքապետն ասաց. «Քաղաքականությունը մի քիչ բարդ ասպեկտներից է բաղկացած, հետեւաբար ամեն ինչ հնարավոր է: Բացառել կամ թերագնահատել մրցակցին ես այս պահին ճիշտ չեմ համարում: Ընտրությունները կարծում եմ ամեն ինչ ցույց կտան»:
Այնուհետեւ անդրադառնալով տեղեկությանը, թե իր մրցակիցը կարող է հրաժարվել ընտրապայքարից, նշեց. «Ինձ համար, համենայնդեպս նորություն էր: Ես գիտեմ, որ վճռական էր տրամադրված»:
Իսկ հնարավո՞ր է, որ Նիկողոսյանը գիտակցել է, որ հաղթելու շանսեր չունի, դրա համար է ուզում հրաժարվել ընտրապայքարից, հարցին, քաղաքապետն արձագանքեց. «Այ դա չեմ կարող ասել: Բայց դժվար, թե դա լիներ պատճառը, քանի որ նա բավականին երկար ժամանակ ուներ գնահատելու իրավիճակը: Ուժեղի եւ թույլի հարցը նախօրոք որոշված պետք է լիներ: Կարծում եմ ուրիշ պատճառներ կան»:
Իր գլխավոր հաղթաթուղթը քաղաքապետը համարում է անցած ճանապարհը, սոցիալական, բնակարանաշինության լայնածավալ աշխատանքները, համայնքապետի պարտադիր լիազորությունների 100 տոկոսով կատարելը, ինչպես նաեւ բնակչության հետ կապը
Հիշեցենք, որ Սպիտակում նախընտրական քարոզչությունը կանցկացվի հունվարի 25-ից փետրվարի 10-ը, իսկ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 12-ին: Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ի հունվարի 19-ին տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել, Սպիտակի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Սահակյանի, իսկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























