Իտալական Ferrari-ն ներկայացրել է նոր միջին շարժիչով ճանապարհային կուպե՝ 849 Testarossa-ն, որը հագեցած է V8 շարժիչով և հիբրիդային փոխհաղորդակով (transmission), գրում է Drom.ru-ն։

Ferrari 849 Testarossa-ն նախագծված է յուրօրինակ արտաքին ոճ ունեցող SF90 շասսիի հիմքի վրա, որը հիշեցնում է 1980-ականների գեղագիտությունն ու Ferrari 208, Ferrari 512 մոդելները։

Ferrari F154-ի V8 շարժիչը, պահպանելով 4,0 լիտր աշխատանքային ծավալը, հագեցած է նոր գլանի գլխիկով, արտանետման հոսանափոխով և Ferrari-ի երբևէ օգտագործած ամենաարդյունավետ տուրբո լիցքավորիչների զույգով։ Արդյունքում, զարգացած հզորության առավելագույն արժեքը հասել է 819 ձիաուժի։ Փոխհաղորդակի երեք օժանդակ էլեկտրական շարժիչները Ferrari 849 Testarossa -ի շարժիչին ևս 217 ձիաուժ են ավելացնում։ Երկու էլեկտրական շարժիչներն առանձին-առանձին շարժման մեջ են դնում առջևի անիվներից յուրաքանչյուրը, երրորդը՝ փոխանցման տուփի լիսեռի վրա, ինտենսիվ բեռնվածության ռեժիմում հետևի անիվներին պտտապահ է ավելացնում։

Մաքուր էլեկտրական քարշակման դեպքում Ferrari 849 Testarossa-ն շարժվում է միայն առջևի քարշակով՝ ոչ ավելի, քան 24 կմ և ոչ ավելի արագ, քան 130 կմ/ժ։ Իսկ 210 կմ/ժ-ից բարձր արագության դեպքում օգտագործվում է միայն հետևի քարշակումը։ Քարշակման մարտկոցի հզորությունը 7,45 կՎտ*ժ է, դրա լիցքը կարող է լիցքավորվել արտաքին էներգիայի աղբյուրից։

Ferrari 849 Testarossa-ի փոխանցման տուփը 8-արագությամբ ռոբոտացված է։ Ավտոմեքենան վերջնակետում ի վիճակի է տեղից պոկվել և 100 կմ/ժ արագություն հավաքել 2,2 վայրկյանում։

Ferrari 849 Testarossa-ի ինտերիերում հատկապես նկատելի է SF90-ի հետ տեխնիկական մերձավորությունը։ Չնայած SF90-ի ընդհանուր ներքին ճարտարապետությունը պահպանվում է, 849 Testarossa-ն ունի պակաս զարդարուն վահանակ, բոլոր կառավարման համակարգերը կոմպակտ դասավորված են՝ ղեկի կենտրոնից ոչ ավելի, քան կես մետր հեռավորության վրա, վարորդի նստատեղն ուղևորի նստատեղից բաժանված է անջրպեդով՝ ստեղծելով Formula-ի խցիկի նմանություն, իսկ կոշտ մակերեսների վրա բաց կարեր չկան։

Ferrari 849 Testarossa-ի պատվերների ընդունումն ուր որ է՝ կմեկնարկեն։ Գնորդներին անմիջապես կառաջարկվի ընտրություն կատարել կուպեի և սերվոշարժիչով տանիքով ռոդսթերի միջև։

Ավտոմեքենաների մատակարարումները հաճախորդներին կսկսվեն հաջորդ տարի։