Սա Ադրբեջանի և Թուրքիայի հերթական հրահանգին, հերթական հրամանին գլխիկոր ենթարկվել են նշանակում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր խաչատրյանը՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության վերաբերյալ հայեցակարգին»։

«Ադրբեջանը, Ալիևը դեռևս 20 թվականի աշնանից հետո, նոյեմբերից հետո հստակ հայտարարել է, որ Հայաստանը հանկարծ չմտածի, որ կարող է վրեժ լուծել, Հայաստանը հանկարծ չմտածի, որ կարող է Արցախի հարցը բարձրացնել, հանկարծ չմտածի, որ կարող է մարտունակ բանակ ունենալ, և այս բոլոր հրամաններին Փաշինյանը գլխիկոր ենթարկվում է, որովհետև ինքը խաբեությամբ իշխանության գալով, ու թեեւ խոստացել էր «Արցախի ճանաչում անում փրկության», Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, հիմա ինչ-որ անհասկանալի իրական Հայաստանի ցնդաբանություն է խաղարկում, այսպես կոչված խաղաղության օրակարգ է առաջ մղում։

Ինքը ի՞նչ է ասում, ասում է՝ խաղաղություն եմ հաստատելու, ավելին, ասում է, որ խաղաղություն արդեն կա։ Ադրբեջանցի զավթիչները Հայաստանում բուն են դրել, ինքը ասում է խաղաղություն կա, բայց դա ես հույս ունեմ մեր հայրենակիցները ճիշտ կգնահատեն այդ ստերը, կեղծիքները, այդ աբսուրդը»,–ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով, Փաշինյանին պետք է մի հատ թղթի կտոր, որի վրա գրված լինի «խաղաղություն» և դա  ստանալու համար, ինքը բոլոր զիջումների պատրաստ է գնալ։

«Երբ կարդում եք այդ փաստաթուղթը, վերնագրից արդեն պարզ է, որ այնպես են գրել, որ իրենց սև ազգագադավ մտադրությունները բացահայտելը բավականին ջանք պահանջի։ Դա մի նպատակ ունի՝ մոռացեք ամեն ինչը, մոռացեք ձեր ինքնությունը, ձեր իրավունքների համար պայքարը։ Գերմանացի մեծ ստրատեգ Կարլ Ֆունկլաուզևիցն ասում է՝ նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին, որպեսզի առանց դիմադրության տիրանա ձեր երկրին։ Հիմա Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, բայց իր ասած խաղաղությունը կամավոր ստրկացումն է, և եթե դու խոսում ես ստրկացման դեմ, ինքը ասում է՝ դու խոսում ես խաղաղության դեմ, այսինքն բռնակալի, նվաճողի և պարտվածի շահերը այստեղ համընկնում են։

Այս ամենը բացառապես մի նպատակ ունի՝ անել այն զիջումները, որպեսզի ստանա Ալիևի այդ թուղթը, որպեսզի մնա իշխանության:

Ադրբեջանցիք սպառնում են Հայաստանի ընդդիմությանը, նույնն անում է Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանցիք ասում են՝  դե մեզ համար ընդունելի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանը նույնն է ասում։

Այդ հայեցակարգի տեքստը ավելի պարզ ասաց, ասում է՝ պետական ֆինանսավորումը չի տարածվելու որևէ գրական ստեղծագործության վրա, որտեղ կա Արարատ լեռը, որտեղ հիշատակված լինի, ենթադրենք, Վանի ինքնապաշտպանությունը, Մուսա Լեռան 40 օրը, որևէ նկարի համար, որի վրա նկարված է Արարատը, Սիփանը, գումար չի հատկացվելու, որևէ ստեղծագործության, երաժշտություն չի ֆինանսավորելու։ Ասենք, Մշո Գորանին, եթե ուզում ես պարես, ինքը դրա համար փող չի հատկացնելու։

Սա ավելի վատ է, քան եղել է Սովետական Միության ժամանակ, երբ երկար ժամանակ չէին թողնում, ոչ «Անլռելի զանգակատունը» հրապարակվեր, ոչ Շիրազի «Դանթեականը» հրապարակվեր, երբ Մուսա Լեռան 40 օրն էր երկար ժամանակ խոչընդոտում, որ հրապարակվեր, իսկ մնացած շատ ստեղծագործություններ ուղղակի ձեռագիր էին տարածում և մարդիկ գաղտնի էին երգում՝ «Աարյունոտ դրոշ վեհ դաշնակցության», կամ «Մեր հայրենիքը»։

Ուղղակի եթե Սովետական Միության ժամանակ կար արտաքին անվտանգության զգացում, կար սոցիալական արդարություն, այստեղ մենք ունենք երկիր, որը բզկտվում է թշնամիների կողմից, որտեղ սոցիալական անարդարությունը հասել է ուղղակի աստրոնոմիկ մակարդակների»,– հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ այս նախագիծը արվեստը վերահսկելու մեխանիզմ է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Դա արվեստը, կրթությունը, ամեն ինչ վերահսկելու մարմանջն է։ Մարդ, որ ասում է՝ կառավարությունը ես եմ, պարզ է, որ ինքը պետք է փորձի քաղաքացիներին վերահսկել, արվեստն էլ, կրթությունն է։ Ժաննա Անդրեասյանը և Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում են կրթության մասին, ինձնից անկախ իմ մտքով սկսում է անցնել, «Փինք Ֆլոյդի» «մենք ձեր կրթությունը չենք ուզում, մենք մտքերի վերահսկողությունը չենք ուզում» բառերն են գալիս։

Սա խայտառակություն է, ազգային ինքնությունից զրկում են, ստեղծագործական անկախությունից զրկում, հայի փոխարեն ինչ-որ մի ամորֆ մսագունդ կերտելու ցանկությունն է»։

Նշենք, որ ըստ «Իրական Հայաստանի գեղագիտության վերաբերյալ հայեցակարգի»՝ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանը։ Իսկ ուրախությունը պետք է ոչ պակաս ներկա լինի բեմերում, քան տառապանքն ու վիշտը։ Ըստ այդմ, պետք է փոփոխությունների ենթարկվեն խաղացանկերի, ցուցադրությունների  եւ մշակութային իրադարձությունների շեշտադրումները, պետությունն էլ պետք է ֆինանսավորի հենց նման ծրագրերը, ինչպիսին օրինակ ֆեստիվառ փառատոնն է։  

Հայեցակարգի որոշման նախագծի ներածությունում նշվում է՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է որպես Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր, հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին, կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյություն։

Նշենք, որ Հայեցակարգի քվարեկությանը այսօր կեսօրի դրությամբ մասնակցել է շուրջ 750 քաղաքացի։ Նրանցից 67 տոկոսը կողմ է քվերակել, 33-ը՝ դեմ։