Mitsubishi Motors-ը (MMC) անցկացրել է Eclipse Cross նոր կոմպակտ էլեկտրաքրոսովերի համաշխարհային պրեմիերան:
Նորույթը ստեղծվել է Renault-ի հարթակում և կարտադրվի Ֆրանսիայի Դուե քաղաքի գործարանում։ Հիշեցնենք, որ Renault-ը և MMC-ն, Nissan-ի հետ մեկտեղ, մտնում են միասնական դաշինքի մեջ, հաղորդում է Drom.ru-ն։
Ինքնին անվանումը գալիս է Ներքին այրման շարժիչով կոմպակտ քրոսովերից, որը թողարկվում է 2017 թվականից։ ԵՄ-ում հին Eclipse Cross-ը շուկայից կհանվի առաջիկա մեկ-երկու ամսում։
Երկրորդ սերնդի մոդելն աչքի է ընկնում ֆուտուրիստական տեսքով, որի բնորոշ գծերն են՝ կարճ քթամասը, «մաքուր» կողային հատվածները, գրաֆիկորեն առանձնացված տանիքը և դռների դուրս եկող բռնակները։ Ուշադրություն են գրավում նաև անսովոր «բարդ» ոճի թեթև անվահեծանները։
Մեքենան կառուցված է CMF-EV հարթակի վրա, որն արդեն օգտագործվում է Renault-ի և Nissan-ի մի շարք վերջին էլեկտրական մեքենաների համար։
Նորույթի քարշակային էլեկտրական շարժիչը զարգացնում է 160 կՎտ հզորություն (218 ձիաուժ) և 300 Նմ ոլորող մոմենտ։ Այն սնուցվում է 87 կՎտ/ժ տարողությամբ լիթիումի-իոնային մարտկոցից, որի առավելագույն վազքը մեկ լիարժեք լիցքավորումով կազմում է 600 կմ։ Համալրումը ներառում է արգելակման էներգիայի վերականգնման համակարգ՝ չորս նախապես տեղադրված ռեժիմներով, որոնք կախված են ընթացիկ վարման պայմաններից և արգելակումների հաճախականությունից։ Բացի այդ, Mitsubishi-ի նոր քրոսովերը հագեցած է Nissan-ի «e-Pedal»-ի անալոգով, երբ արագացումը և դանդաղեցումը կատարվում են միայն գազի ոտնակով։ Նախատեսված է նաև մարտկոցի լիցքավորում մինչև 150 կՎտ հզորությամբ կայանից։
Սրահն առանձնանում է ուղղահայաց դիրքով 12.3 դյույմանոց մեդիա համակարգի էկրանով՝ Google հավելվածների աջակցությամբ, ինչպես նաև սմարթֆոնի հետ անլար համաժամեցմամբ՝ Apple CarPlay-ի և Android Auto-ի միջոցով:
Նոր մեքենայի նախազգուշական անվտանգության համակարգը ներառում է 20 տարբեր գործառույթներ, այդ թվում՝ ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, ավտոմատ արտակարգ արգելակում և կիսաավտոպիլոտ։
Էլեկտրական Eclipse Cross-ը վաճառքում կհայտնվի 2026 թվականի սկզբին։ Մոդելի հիմնական թիրախային շուկան Եվրոպական Միությունն է։





























