Հոկտեմբերի 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվել են Վոլգոգրադի մարզի վրա։ Կոտովսկի շրջանում խոցված անօդաչու սարքերի բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների տարածքում, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։ «Ներկայումս օպերատիվորեն տեղ հասած հրշեջ ծառայություններն աշխատում են բռնկման օջախները մարելու ուղղությամբ»,- նշել է նա՝ չմանրամասնելով, թե որ ձեռնարկություններն են տուժել հարձակման հետևանքով։

Տեղի բնակիչները Astra-ին հայտնել են «Լուկօյլ» ընկերությանը պատկանող Կորոբկովսկի գազի վերամշակման գործարանում (ԳՎԳ) տեղի ունեցած բռնկման մասին, որը Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում բնական գազի խոշորագույն վերամշակողն է։ Այս տեղեկությունը հաստատում են նաև NASA-ի հրդեհների մոնիթորինգի համակարգի տվյալները։ Բացի այդ, ըստ արբանյակային լուսանկարների, Վոլգոգրադի մարզում այրվել է «Եֆիմովկա» նավթամղիչ կայանը (ՆՄԿ), որը պատկանում է «Տրանսնեֆտ-Պրիվոլգա» ԲԲԸ-ի ենթակառուցվածքին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, անցած գիշեր Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք, որոնցից ինը՝ Վոլգոգրադի մարզի վրա։

Օգոստոսի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հետևողականորեն անօդաչու թռչող սարքերով հարձակվում են Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի՝ նավթային կայանների, նավթավերամշակման և գազավերամշակման գործարանների վրա։ Վերջին երկու ամսում ուկրաինական անօդաչու սարքերի հարվածների տակ է հայտնվել ռուսական յուրաքանչյուր երրորդ նավթավերամշակման գործարան (ՆՎԳ)։ Սեպտեմբերին անօդաչու սարքերի պատճառով առնվազն չորս վերամշակման գործարան ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը։ Դրանց թվում են Նովոկույբիշևսկի ՆՎԳ-ն, «Գազպրոմի» Աստրախանի ԳՎԳ-ն, ինչպես նաև «Ռոսնեֆտի» Ռյազանի ՆՎԳ-ն, որը երկրի լավագույն հնգյակում է և վառելիք է մատակարարում, այդ թվում՝ Մոսկվայի տարածաշրջանին։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հարձակման տակ են հայտնվել ևս հինգ գործարան։

Արդյունքում, Ռուսաստանում նավթի վերամշակման ծավալները հոկտեմբերին նվազել են մինչև օրական 4.86 միլիոն բարել, ինչը հուլիսի համեմատ 484,000 բարելով կամ գրեթե 10%-ով պակաս է, հաղորդում է Bloomberg-ը: Վառելիքի պակասի խնդրին են բախվել ավելի քան 20 մարզերի բնակիչներ՝ Սախալինից մինչև Նիժնի Նովգորոդի մարզ։ Չորս մարզերում՝ Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում, սահմանափակումներ են մտցվել անհատ հաճախորդներին բենզինի վաճառքի վրա։ Ճգնաժամը մեղմելու համար կառավարությունը արգելք է սահմանել բենզինի և դիզելային վառելիքի արտահանման վրա, ավելացրել է Բելառուսից գնումները և ըստ «Կոմերսանտի» տվյալների, պատրաստվում է բենզինի ներմուծում սկսել Չինաստանից, Սինգապուրից և Հարավային Կորեայից։