Երևանի շատ այգիներում տաք եղանակին հայտնվում են մանկական մինի ատրակցիոններ։ Մեծ հարց է, թե որքանով է այգիների ենթակառուցվածքը հարմարեցված նման սեզոնային ատրակցիոններին։
NEWS.am-ին դիմած ընթերցողները տրամադրել են այգիներից կադրեր, որոնք, մեղմ ասած, անհանգստություն են առաջացնում։
Լուսանկարներում հստակ երևում են լարերից գոյացած սարդոստայնները, օդում կախված երկարացման լարեր և եռատեղի վարդակներ։ Հատուկ «հուզմունք» է առաջացնում սովորական ցելոֆանային տոպրակով արված «մեկուսացումը»՝ հավանաբար անձրևի դեպքի համար, ինչպես նաև հենց ծառի վրա տեղադրված բաշխիչ վահանակը։
Իհարկե, աշնան գալուստով պայմանավորված՝ նման մինի ատրակցիոնները շուտով կփակվեն մինչև նոր սեզոնը, սակայն, ինչպես հավաստիացնում են ծնողները, նման կարուսելների տեղադրման սկզբունքները տարեցտարի չեն փոխվում։
«Իմ երկու տարեկան որդին ամեն անգամ ուզում է նստել [ատրակցիոնի վրա], բայց ես վախենում եմ, որ լարերը կարող են վատ տեղադրված լինել և ստացվում է, որ կամ ուրախ զբոսանքի փոխարեն երեխան արցունքներով է հեռանում այգուց, կամ նստում է կարուսելին, իսկ ես վախից քարանում եմ»,- իր մտահոգություններով է կիսվում այգու այցելուն։





























