Անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանի կողմից լիազորված անձը ստորագրել և ստացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումը Երևանի Սարյան 22 հասցեում գործող («Զավիկի Ղարս») հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին: Հանրային սննդի կետը չի գործում: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՍԱՏՄ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում և նրա գործունեությունը կասեցնելու որոշում էր կայացրել, սակայն տնտեսվարողը հրաժարվել էր փակել սննդի օբյեկտը՝ հայտարարելով, որ քանի դեռ չի ստացել որոշումը, կշարունակի աշխատել։
ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն այս առնչությամբ լրատվամիջոցներին հայտնել էր, որ տնտեսվարողը որոշումը հրաժարվել է ստանալ առձեռն, ասել է՝ թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով։





























