Գազայի հատվածի տարբեր շրջաններում հոկտեմբերի 10-ից ի վեր ռազմական գործողությունների և հրետակոծությունների հետևանքով զոհված պաղեստինցիների ավելի քան 250 դիակ է հայտնաբերվել, հայտնում է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի քաղաքացիական պաշտպանության ուժերի ներկայացուցչին։
Նրա խոսքով՝ հազարավոր մարմիններ դեռևս մնում են ավերված շենքերի փլատակների տակ և նրանց որոնումները բարդանում են անհրաժեշտ սարքավորումների բացակայության պատճառով։
Հոկտեմբերի 6-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար, որոնք միջնորդվել էին Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից: Հոկտեմբերի 9-ին հակամարտության կողմերը համաձայնագիր ստորագրեցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախկինում ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը իրականացնելու համար: Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել են սահմանամերձ գյուղերի բնակիչներ և ավելի քան 250 մարդ պատանդ է վերցվել։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները ոչնչացնելու և բոլոր առևանգվածներին ազատ արձակելու նպատակով։ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ մարտերի հետևանքով Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 67,000-ը, ավելի քան 170,000-ը վիրավորվել են, իսկ առնվազն 463 տեղացի բնակիչ, այդ թվում՝ 157 երեխա, մահացել է սովից։





























