Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին․

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ։

Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։

Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։