Իրաքի խորհրդարանական թեկնածուն սպանվել է, իսկ նրա երեք թիկնապահները վիրավորվել են Բաղդադից հյուսիս գտնվող նրա մեքենայի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։

Այս միջադեպը պատգամավորի թեկնածուի առաջին սպանությունն է եղել Իրաքում՝ նոյեմբերի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ «Ռումբը պայթել է Սաֆաա ալ-Մաշհադանիի՝ Բաղդադի նահանգային խորհրդի գործող անդամի և խորհրդարանի թեկնածուի մեքենայի տակ։ Նա տեղում մահացել է, իսկ նրա երեք թիկնապահները ծանր վիրավորվել են», - AFP-ին հայտնել է անանուն մնալ ցանկացող մի աղբյուր։

Աղբյուրը պարզաբանել է, որ «միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի լուսադեմին Թարմիայում», որը գտնվում է մայրաքաղաքից 40 կիլոմետր հյուսիս և մտնում է Բաղդադի նահանգի կազմի մեջ։

Ալ-Մեշհեդանին առաջադրվել էր սուննի մուսուլմանների խոշորագույն կոալիցիաներից մեկից, որը գլխավորում էին գործարար Խամիս ալ-Խանջարը և խորհրդարանի խոսնակ Մահմուդ ալ-Մեշհեդանին։ Առաջիկա ընտրությունները վեցերորդ ընտրություններն են՝ 2003 թվականին Միացյալ Նահանգների կողմից Իրաք ներխուժելուց և երկարամյա կառավարիչ Սադամ Հուսեյնին տապալելուց հետո։