Դանիել Իոաննիսյան, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևո՞ւմ քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականներին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել Քննչական կոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբանները նրա տեղը չգիտեն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Եթե դու տեղեկություններ ունես հրապարակի»,– հավելել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քննչական վարչություն են տարվել 5 հոգևորական՝ Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։
Իր հերթին Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տեր Մկրտիչի գտնվելու վայրը հայտնի չէ, փորձում են պարզել, թե որտեղ է գտնվում նա։ Նաև հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են հոգեւորականները քննչական տարվել։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ խուզարկության որոշումներից հասկանալի է դարձել, որ Տեր Արամի տված հարցազրույցի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել՝ ստուգելու, թե արդյոք հավաքներին մասնակցելու հարկադրանք եղել է, թե ոչ։ Ըստ Փաստաբանի՝ հոգևորականներին հենց այս գործի շրջանակներում են բերման ենթարկել։
Ինքը՝ Դանիել Իոաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ ինքը միայն հաղորդում է ներկայացրել, որտեղ որեւէ հոգեւորականի անուն նշված չի եղել։





























