«Թալիբան»-ի գլխավորած Աֆղանստանի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Պակիստանը նախորդ օրը երկու անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քաբուլում, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը ողջունել է երկու հարևանների միջև կարևորագույն հրադադարը՝ մի քանի օր տևած մարտերից հետո, որոնց արդյունքում երկու երկրներում էլ տասնյակ մարդիկ զոհվեցին և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, հաղորդում է Associated Press-ը։

Չորեքշաբթի օրվա հարձակումները տեղի են ունեցել երկու երկրների կողմից հրադադարի հայտարարումից անմիջապես առաջ՝ տարիների ընթացքում նրանց միջև ամենաարյունալի բախումներից հետո։

Բախումները հանգեցրել են 2021 թվականից ի վեր հարևանների միջև ամենասարսափելի ճգնաժամի, երբ թալիբները զավթեցին իշխանությունն Աֆղանստանում՝ Արևմուտքի աջակցությունը վայելող կառավարության անկումից և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից և 20 տարի տևած պատերազմից հետո։ Իսլամաբադում չեն շտապել  արձագանքել Քաբուլի վերջին մեղադրանքներին, և պարզ չէ՝ ինչպես դա կանդրադառնա հրադադարի վրա։

Անանունության պայմանով լրագրողների հետ զրուցած պակիստանցի պաշտոնյաները, որոնք  լիազորված չէին քննարկել ընթացիկ գործողությունները, ավելի վաղ Associated Press-ին հայտնել էին, որ պակիստանյան ուժերը չորեքշաբթի հարվածել են «զինյալների թաքստոցներին»։

Քաբուլի ոստիկանապետի մամուլի խոսնակ Խալիդ Զադրանը Associated Press-ին հայտնել է, որ հարվածները քաղաքում տեղի են ունեցել չորեքշաբթի կեսօրին։ Նա նշել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են բնակելի շենքին և շուկային։