Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նախկին վարչապետ Ռեյլա Օդինգայի հուղարկավորության ժամանակ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել ավելի քան 160-ը, տեղեկացրել է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ 2025թ․ հոկտեմբերի 17-ին, Նյայո ազգային մարզադաշտում, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել Հնդկաստանում 80 տարեկան հասակում մահացած Օդինգային հարգանքի տուրք մատուցելու համար։ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը հաստատել է երկու մահվան եւ ավելի քան 160 վիրավորների մասին, որոնցից 34-ը հոսպիտալացվել են։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, Նայրոբիի «Կասարանի» մարզադաշտում հանրային հրաժեշտի արարողության ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել դարպասները կոտրել փորձող ամբոխի վրա, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Այս ողբերգական իրադարձություններին ի պատասխան՝ իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները հետագա միջոցառումների համար, այդ թվում՝ ռազմական եւ ոստիկանական անվտանգության հաստատումը, ինչպես նաեւ օդային հսկողությունը։ Չնայած դրան՝ Կիսումուում տեղի ունեցած արարողության ժամանակ, որտեղ հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Օդինգայի մարմինը, լեփ-լեցուն լինելու պատճառով տեղի են ունեցել նաեւ միջադեպեր, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։ Ռեյլա Օդինգան քենիացի ականավոր քաղաքական գործիչ էր, որը հինգ անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում: Նա մահացել է 2025թ․ հոկտեմբերի 15-ին Հնդկաստանում՝ սրտի կաթվածից: Նրա հուղարկավորության արարողությունը կկայանա կիրակի օրը նրա հայրենի Բոնդո քաղաքում: