Կիրակի գողերը Լուվրից գողացան թագի ինը ակնեղեն, բայց սա առաջին աղմկահարույց թանգարանային կողոպուտը չէ: Euronews-ը տեղեկություններ է ներկայացրել աշխարհի մի քանի այլ հռչակավոր կողոպուտների մասին:

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Լուվրի թանգարան, 1911թվական

Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» անկասկած աշխարհի ամենահայտնի արվեստի գործերից մեկն է և այսօր Լուվրի թանգարանի ամենատարածված տեսարժանությունը:

Սակայն գողությունից առաջ արվեստի աշխարհից դուրս այն լայնորեն հայտնի չէր: 1911 թվականին նախկին աշխատակից Վինչենցո Պերուջան թաքնվել է թանգարանում և դուրս եկել՝ նկարը վերարկուի տակ:

Գողության մասին Լուվրի հայտարարելուց հետո աշխարհի թերթերը լցվեցին անհետացած գլուխգործոցի մասին վերնագրերով:

Կտավը գտնվեց երկու տարի անց Ֆլորենցիայում, երբ Պերուջան փորձել էր այն վաճառել. այդ միջադեպն օգնեց Լեոնարդո դա Վինչիի դիմանկարն աշխարհի ամենահայտնի արվեստի գործը դարձնելուն:

Ռեմբրանդտի «Յակոբ դը Գեյն III-ի դիմանկարը», Դալվիչի պատկերասրահ, 1966, 1973, 1981 և 1983 թվականներ

Ռեմբրանդտի «Յակոբ դը Գեյն III-ի դիմանկարը» (Portrait of Jacob de Gheyn III) արվեստի ամենատարօրինակ գողություններից մեկի ժամանակ, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, դարձավ ժամանակակից պատմության մեջ ամենահաճախ գողացված մեծ կտավներից մեկը։ Այն ստացել է «Տուն տանելու Ռեմբրանդտ» մականունը։

Կտավն առաջին անգամ գողացել են Լոնդոնի Դալվիչի պատկերասրահից (Dulwich Picture Gallery) 1966 թվականին՝ երկու այլ աշխատանքի հետ, ապա կրկին՝ 1973, 1981 և 1983 թվականներին։ Դիմանկարը հայտնաբերվել է յուրաքանչյուր գողությունից հետո և մինչ օրս թանգարանում է։

Այնուամենայնիվ, բոլոր ժամանակների ամենաշատ գողացված արվեստի գործը Գենտի խորանն է՝ հայտնի նաև որպես «Աստծո Գառան երկրպագություն», որի հեղինակներն են Հուբերտ և Յան վան Էյկ եղբայրները։ Այն գողացվել է յոթ անգամ՝ 1794 թվականին Նապոլեոնի զորքերի, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նացիստների թալանի ժամանակ։

Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանի կողոպուտը, Բոստոն, 1990թ.

Այս կողոպուտը համարվել է ԱՄՆ պատմության մեջ ամենամեծը, սակայն 35 տարի անց Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից 13 ստեղծագործությունների գողությունը մնում է չբացահայտված։

1990 թվականի մարտի 18-ի վաղ առավոտյան Բոստոնի ոստիկանների նման հագնված երկու տղամարդ մտան թանգարան՝ պնդելով, թե կանչին են արձագանքում։ Նրանք հաղթահարեցին երկու անվտանգության աշխատակցի, կպչուն ժապավենով կապեցին նրանց և 81 րոպեում գողացան  արվեստի 13 ստեղծագործություն, որոնց թվում՝ Ռեմբրանդտի, Վերմեերի, Դեգայի և Մանեի գլուխգործոցները։

Վերմեերի «Համերգը» գողացված ամենաարժեքավոր ստեղծագործություններից մեկն է։ Իշխանությունները պնդում են, որ արվեստի գործերի արժեքը կարող է հասնել կես միլիարդ դոլարի։ Թանգարանի պաշտոնյաները նշում են, որ ստեղծագործություններն անգին են, քանի որ դրանք չեն կարող փոխարինվել։

Որոշ աշխատանքներ, մասնավորապես,  Ռեմբրանդտի «Քրիստոսը Գալիլեայի ծովում փոթորկի ժամանակ», կտրվել են շրջանակներից։ Այս շրջանակները մինչ օրս դատարկ կախված են թանգարանում։

Վան Գոգի թանգարանի կողոպուտ, Ամստերդամ, 1991 և 2002 թվականներ

2002 թվականին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից գողացել են երկու նկար։ Անհետանալուց 14 տարի անց՝ 2016 թվականին, դրանք գտնվել և վերադարձվել են թանգարան։ Գողերը թանգարան ներխուժելու համար օգտագործել են սանդուղք և կռաններ։

Իտալիայի ոստիկանությունը նկարներն առգրավել է նեապոլիտանական մաֆիայից և վերադարձրել թանգարանին:

Վան Գոգի թանգարանը թալանվել էր նաև մի քանի տարի առաջ՝ 1991 թվականին, երբ գողացվել էր ավելի քան 400 միլիոն եվրո արժողությամբ 20 նկար, որոնց  թվում՝ նկարչի հայտնի «Կարտոֆիլ ուտողները»։ Դրանք շուտով հայտնաբերվել են մոտակայքում լքված մեքենայում։

18-րդ դարի զարդեր, Դրեզդենի «Կանաչ պահոց» (Grünes Gewölbe), 2019

2019 թվականին գողերը կոտրել են աշխարհի ամենահին թանգարաններից մեկի՝ Դրեզդենի «Կանաչ պահոցի» ցուցափեղկերը և գողացել հարյուր միլիոնավոր եվրո արժողությամբ ադամանդակուռ թագավորական զարդեր։

Ըստ պաշտոնատար անձանց՝ նրանք գողացել են 18-րդ դարի զարդերի երեք «անգին» հավաքածու, որոնք չէին կարող վաճառվել բաց շուկայում։

Գողացված իրերից մի քանիսը հետագայում վերականգնվել են։ Հինգ մարդ դատապարտվել է, իսկ վեցերորդը՝ արդարացվել։