Volkswagen-ը մոտ ապագայում աննախադեպ կերպով կկասեցնի ամենաշատ վաճառված մեքենաների՝ Golf և Tiguan մոդելների արտադրությունը Գերմանիայում։ Պատճառը էլեկտրոնային բաղադրիչների թերմատակարարումն է, հայտնում է Bild-ը։

Դետալների դեֆիցիտն առաջացել է, որովհետև Եվրամիության երկրներից մեկը՝ Նիդերլանդները, սեպտեմբերի 30-ից առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի դեմ։ Ինչպես հայտնում է «Վեդոմոստի»-ն, նշված օրը Նիդերլանդների իշխանությունները ժամանակավոր վերահսկողություն են սահմանել Nexperia ընկերության նկատմամբ, որը մասամբ պատկանում է Չինաստանի կառավարությանը և զբաղվում է Չինաստանից դեպի Եվրամիության շուկա կիսահաղորդիչների մատակարարմամբ։ Ժամանակավոր կառավարման սահմանման պատճառ են դարձել «ընկերության կառավարման մեջ առկա լուրջ թերությունները», որոնք պոտենցիալ սպառնալիք կարող են ներկայացնել «Եվրոպայի տարածքում կրիտիկական կարևորության տեխնոլոգիական գիտելիքների և հնարավորությունների շարունակականությանն ու պահպանման երաշխիքին», ընդ որում Նիդերլանդների իշխանությունները հղում են արել 1952 թվականի օրենքին, փոխանցում է Drom.ru-ն։

Ի պատասխան՝ չինացիները արգելափակել են շուկայում Nexperia-ի արտադրանքի մատակարարումները։ Bloomberg պարբերականը նշում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով եվրոպական ավտոկոնցեռնները շուտով կբախվեն միկրոսխեմաների դեֆիցիտի։ Այլընտրանքային մատակարարների որոնումը բավական երկար ժամանակ կպահանջի, քանի որ կպահանջվի դետալների վավերացում։

Գերմանիայի ավտոմոբիլային ասոցիացիայի (VDA) նախագահ Հիլդեգարդ Մյուլլերը զգուշացրել է, որ եթե մատակարարման խափանումների հարցը շուտով չլուծվի, կտուժի ամբողջ գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը։