Բրիտանական խորհրդի «Նորաձեւության ճանապարհ» ծրագրի երկամյա ուղին անցած նկարիչ-մոդելավորողների 20 աշխատանքից բաղկացած նորարար հավաքածուն առաջինը կցուցադրվի Հայաստանում, այնուհետեւ` մասնակից եվրոպական երկրներում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակից: Նրանց փոխանցմամբ` «Նորաձեւության ճանապարհ» ծրագիրը համախբել է հինգ հայ եւ հինգ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների (Միացյալ Թագավորություն, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Ռումինիա): Եվրոպացի դիզայներները, այցելելով Հայաստան, տասնօրյա շրջագայության ընթացքում ծանոթացել են Հայաստանի մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին, որից հետո արդեն հայ մասնակիցներն այցելել են գործընկերների երկրներ եւ ոգեշնչված միմյանց երկրների մշակույթով` համատեղ պատրաստել են հավաքածուն:
Հիմնական թեմա է ընտրվել ազգային ինքնությունը, սակայն հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաեւ իրենց այցելած երկրների մշակութային ժառանգությանը եւ ավանդություններին: Իրենց հավաքածուն ստեղծելիս նկարիչ-մոդելավորողները վերցրել են տարրեր եկեղեցական հագուստներից եւ զարդարանքներից, փոխադրել են կրոնական ճարտարապետության հրաշագեղ ձեւերը եւ վերագունավորել են իրենց երկինքը: «Ցուցադրությունը բաց կլինի փետրվարի 2-ից մինչեւ 19-ը: Այնուհետեւ հավաքածուն կներկայացվի Հայաստանի երեք մարզերում` Շիրակ, Լոռի եւ Սյունիք: Տարվա ընթացքում հավաքածուն կցուցադրվի մասնակից եվրոպական հինգ երկրում: Հուսով ենք, հավաքածուն կբացահայտի տարբեր երկրների մշակութային առանձնահատկությունները եւ այն ամբողջությունը, որ ծնվում է, երբ միմյանց հետ աշխատում են այդ մշակույթների կրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:Ցուցադրությունից բացի` «Ցուցահանդեսի ձեւավորում» թեմայով վարպետության դասընթաց է անցկացվել հայ ուսանողների եւ կուրատորների համար, որը վարել է «Նորաձեւության ճանապարհ» ցուցահանդեսի կուրատոր Թոնի Չարալամբուսը: Ծրագրի շրջանակում փետրվարի 2-ին վարպետության դասընթաց կանցկացնեն նաեւ մասնակից նկարիչ-մոդելավորողները:



























