Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին, գումարվել է Ընկերվար միջազգայնականի Խորհրդի նիստը, որին մասնակցել են անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների, այդ թվում ՀՅԴ-ից:

ՀՅԴ կողմից ժողովին մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։

Ժողովին ողջույնի խոսք է ասել Կոստա Ռիկայի հանրապետության նախագահ Լաուրա Չինչիլլան։

Ժողով քննարկել է ներկա ֆինանսական ճգնաժամն ու կլիմայական փոփոխությունները եւ սոցիալ դեմոկրատիայի համաշխարհային շարժման հիմնական խնդիրները։  Ժողովը նաեւ քննարկել է Ընկերվարական միջազգայնականի կազմակերպական հզորացման խնդիրը՝ այս տարվան ընթացքում գումարվելիք կազմակերպության 24-րդ Կոնգրեսին ընդառաջ։

Ժողովը Թուրքիայում խոսքի ազատության եւ դատական համակարգի անկախության մասին հայտարարություն է ընդունել, որտեղ Ընկերվար միջազգայնականը դատապարտում է իր անդամ եւ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարի դեմ հարուցված դատական գործը, իր անդամ եւ Թուրքիայի խորհրդարանում քրդամետ BDP կուսակցության անդամ ընտրված պետական պաշտոնյաների ձերբակալությունները, խոսքի ազատության սահմանափակումներն ու գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա հաստատված ամբողջական հակակշիռը։

Ժողովին ելույթ է ունեցել նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը։ Նա նաեւ բազմաթիվ ունեցավ հանդիպումներ տարբեր պատվիրակությունների անդամների հետ՝ ՀՅԴ-ն ու հայությունը շահագրգռող հարցերի վերաբերյալ։