Փարիզի բնակիչները հազվագյուտ հնարավորություն ունեն թաղվելու տեղ շահելու արվեստի պատմության ամենահայտնի դեմքերից մի քանիսի՝ Ջիմ Մորիսոնի, Օսկար Ուայլդի և Էդիթ Պիաֆի շրջապատում, հաղորդում է BBC News-ը:
Քաղաքային իշխանությունները սկսել են անսովոր վիճակախաղ, որի նպատակը Պեր Լաշեզի, Մոնպառնասի և Մոնմարտրի գերբնակեցված գերեզմանատների հին տապանաքարերը վերականգնելն է։ Յուրաքանչյուր գերեզմանատանը տասը լքված գերեզման է առաջարկվում 4000 եվրոյով՝ պայմանով, որ գնորդները վճարեն հուշարձանների վերականգնման համար և դրանց կողքին թաղվելու իրավունք ստանան։
Ինչպես բացատրել է քաղաքային խորհուրդը, ծրագիրը «փոխզիջում է մահացածների նկատմամբ հարգանքի և բնակիչների համար քաղաքի սահմաններում թաղվելու հնարավորության միջև»։ Փարիզի գերեզմանատներում գրեթե ազատ հողամասեր չեն մնացել. դրանց մեծ մասը լցվել է 20-րդ դարի սկզբից ի վեր։
Փարիզի տապանաքարերի խնամքը միշտ էլ ընտանիքների պատասխանատվությունն է եղել, այլ ոչ թե՝ քաղաքապետարանի, ուստի որոշ գերեզմաններ ժամանակի ընթացքում անմխիթար վիճակում են հայտնվում։ Սակայն դրանք չեն կարող քանդվել. գերեզմանատները մշակութային ժառանգության վայրեր են։ Քաղաքային խորհրդի՝ ապրիլին հաստատած նոր նախագիծը նպատակ ունի վերականգնելու այս տեսքից ընկած հուշարձանները։
Փարիզի գերեզմանատները վաղուց ոչ միայն հիշատակի վայրեր են եղել, այլև զբոսաշրջային տեսարժան վայրեր։ Պեր Լաշեզում են հանգչում Մորիսոնը, Պիաֆը, Ուայլդը, Մարսել Պրուստը և Շոպենը։ Մոնպառնասը Սարտրի, Սիմոնա դը Բովուարի, Սամուել Բեքեթի և Սերժ Գենսբուրի թաղման վայրն է, դերասանուհի Ջեյն Բիրկինի աճյունը նույնպես թաղված է այնտեղ։ Իսկ Մոնմարտրը նկարիչ Դեգայի, գրող Էմիլ Զոլայի և ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի վերջին հանգրվանն է։
Այնուամենայնիվ, այս հայտնիների շիրիմներից ոչ մեկը չի ներառվել նախագծում. այն վերաբերում է 19-րդ դարի 30 անանուն գերեզմանների, որոնք այժմ կարող են նոր կյանք ստանալ ու նոր «հավերժության հարևաններ»։




























