Նախնական գնահատականով՝ «Մելիսա» փոթորիկի պատճառած վնասը կազմում է 6-ից 7 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնում է Jamaica Observer-ը։

Երկրի վարչապետ, դոկտոր Էնդրյու Հոլնեսի խոսքերով, դա համարժեք է 2024/2025 ֆինանսական տարվա երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտավորապես 28-32 տոկոսին։ Նա վնասի նախնական գնահատականը ներկայացրել է երեքշաբթի օրը՝ Ներկայացուցիչների պալատում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք տնտեսական ակտիվության ժամանակավոր դանդաղում ենք սպասում՝ հատկապես առավել տուժած շրջաններում։ Կարճաժամկետ հեռանկարում գյուղատնտեսական արտադրությունը կկրճատվի՝ կապված ֆերմերային տնտեսությունների և անասնաբուծության վերականգնման հետ։ Զբոսաշրջության ոլորտին, չնայած իր կայունությանը և աշխատանքը վերսկսելու ձգտմանը, անհրաժեշտ կլինի թիրախային աջակցություն ցուցաբերել՝ ներուժը և վստահությունը վերականգնելու համար», - ասել է Հոլնեսը։

Նա նաև պատմել է, որ փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), հատկապես մանրածախ առևտրի, արտադրության, ծառայությունների և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում, զգալի կորուստներ են կրել և կարիք կունենան իրացվելիության և վերականգնման աջակցության՝ պաշարները համալրելու, սարքավորումները վերանորոգելու և գործառնական գործունեությունը վերսկսելու համար։