Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործը կքննի փակ դռների հետևում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Մեղադրյալների թվում կան մի քանի անչափահասներ և գործող օրենսդրության համաձայն՝ գործի քննությունը տեղի կունենա դռնփակ ռեժիմով»,- ասել են մամուլի ծառայությունից։

Միխայիլ Բալաշովի, Եգոր Սավելիևի, Դանիիլ Գուսևի, Նիկիտա Նովիկի, Արտյոմ Ռիժենկոյի, Վյաչեսլավ Եմելյանովի, Ալեքսանդրա Ֆիլիմոնովայի, Մաքսիմ Սոլոմատովի, Սերգեյ Կորոլենկովի, Պավել Ռյազանցևի, Անդրեյ Դետկովսկու և Մաքսիմ Զախարովի գործը դատարան է մտել հոկտեմբերի վերջին։

Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Բալաշովը 2022 թվականին Մոսկվայում «խումբ» է ստեղծել՝ ներգրավելով դրանում ազգային սոցիալիզմի կողմնակիցներին։ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսը մասնակիցները, ներառյալ անչափահասները, վեց հարձակում են իրականացրել միգրանտների և ԼԳԲՏ+ (շարժումը ՌԴ-ում ճանաչվել է ծայրահեղական և արգելված է) անձանց վրա՝ ծայրահեղականությունը քարոզելու համար ցանցում տեսանյութեր հրապարակելով։

Բացի այդ, Բալաշովն ու Սավելիևը 50 հազար դոլարի դիմաց համաձայնել էին սպանել Սիմոնյանին, սակայն ծրագիրը կյանքի կոչելուց առաջ ձերբակալվել են Անվտանգության դաշնային ծառայության կողմից։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հունիսի 16-ը, անհայտ անձինք դիմել են Բալաշովին՝ դրամական պարգևատրման դիմաց Մարգարիտա Սիմոնյանին սպանելու առաջարկով։ Համաձայնություն տալով՝ նա ներգրավել է Սավելիևին և հունիսի 21-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում նրանք դիտարկել են լրագրողուհու բնակության և աշխատանքի վայրերը, ինչի մասին հայտնել են անհայտ անձանց։ Սպանության պատվիրատուները, իրենց հերթին, Բալաշովին տեղեկություններ են փոխանցել գումարով երկու թաքստոցների գտնվելու վայրի մասին։

Նույն տարվա հուլիսի 13-ից ոչ ուշ անհայտ անձինք, Սիմոնյանին սպանելու համար, Մոսկվայի Վավիլովի փողոցի ավտոտնակում թաքցրել են «Կալաշնիկով» ինքնաձիգ և դրա 90 փամփուշտ, ինչի մասին հայտնել են Բալաշովին, ով ժամանել է ավտոտնակ և ձերբակալվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։

Քննությունը համարում է, որ նրանք առնչություն ունեն նաև որոշ քաղաքացիների, այդ թվում՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիների նկատմամբ խուլիգանության և ավազակային հարձակումների հետ։