Փարիզի «Սանտե» բանտում կալանավորված Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հրաժարվում է բանտային կերակուր ուտել՝ սնվելով միայն յոգուրտներով, իսկ ինքնուրույն բոլորովին չի կարողանում պատրաստել, թեև բանտում նման հնարավորություն կա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է «Point» պարբերականը՝ վկայակոչելով քաղաքական գործչի մերձավորներին։
«Գիտակցելով իր հանդեպ թշնամական վերաբերմունքը բազմաթիվ բանտակիցների կողմից, նա հրաժարվում է դիպչել ցանկացած ուտելիքի, որը բերում են իր խուց։ Վախենում է, որ ինչ-որ մեկը կարող էր թքել նրա կերակրի մեջ կամ անել ավելի վատ բան... Հոկտեմբերի 21-ին իր կալանավորման պահից ի վեր Նիկոլա Սարկոզին բացառապես յոգուրտներով է սնվում»,— ասվում է հոդվածում։
«Նա նույնիսկ ձու եփել չգիտի և սկզբունքորեն չի անում դա», - Point-ին ասել է բանտարկված նախկին նախագահի հարազատներից մեկը։
Սարկոզին հոկտեմբերի վերջին տեղափոխվել է Փարիզի «Սանտե» բանտ, որտեղ նա բանտային պատիժ է կրում 5 տարի ժամկետով, որին դատապարտվել էր իր 2007 թվականի նախընտրական քարոզարշավում լիբիական ֆինանսավորման համար։ Նախկին նախագահին կցվել են երկու զինված ոստիկան, որոնք ապահովում են նրա շուրջօրյա պահպանությունը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հայտարարել է, որ նման որոշումն ընդունվել է Սարկոզիի համար առկա սպառնալիքի պատճառով, որի բնույթը նախարարը չի մանրամասնել։
Սարկոզիի գործի քննությունը սկսվել է 2012 թվականին, այն բանից հետո, երբ Mediapart պարբերականը փաստաթղթեր է հրապարակել այն մասին, որ Լիբիայի իշխանությունները 50 միլիոն եվրո են փոխանցել Սարկոզիի 2007 թվականի նախագահական քարոզարշավի կարիքների համար։




























