Գյումրիում բնակվող ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի կանանց խորհրդի նախագահ, ՇՊՀ դասախոս և լրագրող Հասմիկ Վիրաբյանը արդեն չորս ամիս է գտնվում է տնային կալանքի տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Վիրաբյանի մայրը՝ Շողիկ Մխիթարյանը՝ պնդելով, որ առաջադրված խարդախության մեղադրանքը «ամբողջապես անհիմն է»։
Վիրաբյանի մայրը նշում է, որ այս իրավիճակից հետո Հասմիկն ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, իսկ երեք անչափահաս երեխաները գտնվում են հոգեբանական ծանր վիճակում։ «Չորս ամիս անձայն սպասել ենք, բայց ես որպես մայր այլևս չեմ լռելու։ Բարձրաձայնելու եմ ամեն ինչ և անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել ապացույցներ լրագրողներին»։
Տիկին Շողիկի փոխանցմամբ, Հասմիկ Վիրաբյանը երկար տարիներ զբաղվում է բարեգործությամբ և սոցիալական նախաձեռնություններով։ Նրա նախաձեռնությամբ Գյումրիում հիմնվել է «Հերոսների պուրակը» (117 եղևնիներ, խաչքար, նստարաններ, սալապատում), հինգ ամիս առաջ աջակցություն է տրամադրվել դրամատիկական թատրոնին՝ շուրջ 30.000 դոլար արժողությամբ ավտոբուս։ Անապահով երեխաներին ուղարկել է ծովափնյա հանգստի։ Վերջին ծրագրերից մեկը կապված էր զինվորի հուշաքարի տարածքի բարեկարգման հետ, որի շրջանակում Հասմիկն համագործակցել է նաև զինվորի մոր հետ՝ ցուցաբերելով ջերմ, պատասխանատու վերաբերմունք։ Գումարը տրամադրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Աշխատանքներ պետք է կատարվեր ու բացումը նախատեսում էր անել նոյեմբերի 9–ին՝ պատերազմի 5–րդ տարելիցի օրը։ Ամբողջ Գյումրիին գիտի աղջկաս ցանկացած ծրագիր հաջողությամբ է պսակվել։ Զինվորի մոր հետ շատ մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ էր։ Ծրագրերի համար տրամադրված յուրաքանչյուր լումա ծառայել է իր նպատակին։ Գյումրիում բոլոր գիտեն ու ճանաչում են մեզ, գուցե պարոն Ծառուկյանը ասի արդյոք իմ աղջիկը խարդախություն արել է, արդյոք իրեն խաբել է ու արդյոք ինքը տուժել է»,– նշում է Հասմիկի մայրը։
Ընտանիքը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ հաշվի առնել ոչ միայն մեղադրանքի հիմքերը, այլև Հասմիկի առողջական և սոցիալական վիճակը և երեխաների հոգեբանական ապրումները։
Նշենք, որ ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի՝ Հասմիկ Վիրաբյանը մեղադրվում է այն արարքի կատարման համար, որ ունենալով ֆինանսական խնդիրներ՝ նպատակադրվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանից, խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար:



























