Թուրքիայի կենտրոնական բանկը բարձրացրել է երկրի համար 2025թ․ վերջին կանխատեսվող գնաճի մակարդակը՝ նախկինում կանխատեսված 25-29 տոկոսից մինչեւ 31-33 տոկոս՝ հղում կատարելով սննդամթերքի գների աճին եւ աշխարհաքաղաքական լարվածության ազդեցությանը, տեղեկացրել է Bloomberg-ը։
Միեւնույն ժամանակ, կենտրոնական բանկը պահպանում է հաջորդ տարվա համար գնաճի կրճատման իր հավակնոտ նպատակը՝ մինչեւ 13-19 տոկոս, նշվել է նրա եռամսյակային հաշվետվությունում։
Կենտրոնական բանկի կառավարիչ Ֆաթիհ Քարահանի խոսքով՝ կարգավորող մարմինը նպատակ ունի մինչեւ 2026թ․ վերջը դանդաղեցնել գնաճը մինչեւ 16 տոկոս։
«Չնայած 2024թ․ հունիսից մեր կողմից դիտարկվող սպառողական գների աճի անկումը վերջերս դանդաղել է, մենք կապահովենք, որ այն շարունակվի մեր միջանկյալ նպատակներին համապատասխան»,- հայտարարել է Քարահանը։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ պահպանելու մեր խիստ քաղաքականությունը»։
Նախորդ 15 ամիսների ընթացքում թուլացումից հետո սեպտեմբերին Թուրքիայում գնաճը անսպասելիորեն արագացել է մինչեւ 33.29 տոկոս տարեկան։ Չնայած դրան՝ հոկտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը իջեցրել է տոկոսադրույքը 100 բազային կետով՝ մինչեւ տարեկան 39.5 տոկոս։
Հոկտեմբերի տվյալները ցույց են տվել, որ երկրում գնաճը դանդաղել է մինչեւ 32.87 տոկոս, ինչն ամենացածր ցուցանիշն է 2021թ․ նոյեմբերից ի վեր։
Կենտրոնական բանկի եռամսյակային զեկույցը բարձրացրել է սպասումները, որ ԿԲ-ն կպահպանի զգուշավոր մոտեցումը տոկոսադրույքների իջեցման հարցում, նշել է Bloomberg-ը։
Թուրքիայի Borsa Istanbul 100 ֆոնդային ինդեքսը ուրբաթ օրվա առեւտրի ժամանակ կորցրել է 1.2 տոկոս, դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 42,2059 լիրա ՝ նախորդ նստաշրջանի փակման 42,1077 լիրայի համեմատ։





























