Ռուսաստանցի պալեոգենետիկները (կենսաբանական մնացորդներում և բրածո օրգանզիմներում պարունակող հնագույն ԴՆԹ-ի գենետիկական ուսումնասիրությամբ զբաղվող հնագիտության և մոլեկուլային գենետիկայի հատման կետում հետազոտական ոլորտ -խմբ.) մոտ 4500 տարի առաջ Յարոսլավլի մարզում բնակվող մարդկանց մնացորդներում հայտնաբերել են պնևմոկոկային վարակի հետքեր: Այդ մանրէները թոքաբորբ, մենինգիտ և մի շարք այլ վտանգավոր վարակներ են առաջացնում:
Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ հայտնագործությունն իր տեսակի մեջ առաջինն է Ռուսական հարթավայրի բրոնզե դարի բնակիչների շրջանում, գրում է Planet Today-ը: Մանրէն կարող է առանց ախտանիշի ներկա լինել շնչառական ուղիներում, բայց երբ իմունային համակարգը թուլանում է, այն առաջացնում է թոքաբորբ, ականջաբորբ և այլ վարակներ, որոնք հակաբիոտիկների հայտնաբերումից առաջ եղած դարաշրջանում հաճախ մահացու վախճան էին ունենում:
Հայտնագործությունը կատարվել է Վոլոսովո-Դանիլովսկի գերեզմանոցում հայտնաբերված և Ֆատյանովյան մշակույթին պատկանող 3900-4500 տարեկան բրածո գենետիկական նյութի չորս նմուշների հետզոտության ընթացքում:
Դրա ներկայացուցիչները մ.թ.ա. 3-րդ հազարամյակում բնակեցրել են ներկայիս Եվրոպական Ռուսաստանի անտառածածկ շրջանները և, գիտնականների կարծիքով, առաջինն են զբաղվել անասնապահությամբ: Վոլոսովո-Դանիլովսկի գերեզմանոցից չորս տղամարդկանց մնացորդներից վերցվել է հին ԴՆԹ, և բոլորի մոտ էլ հայտնաբերվել են պնևմոկոկային վարակի հետքեր: Դա եզակի գտածո է, քանի որ բակտերիալ ԴՆԹ-ն սովորաբար շատ ավելի վատ է պահպանվում, քան մարդու ԴՆԹ-ն, և նմուշների ժամանակակից մանրէներով աղտոտման բարձր վտանգ կա: Սակայն այդ նմուշները մաքուր էին։
Այս հայտնագործությունից առաջ պնևմոկոկի գոյության ամենավաղ ապացույցը համարվում էր նեոլիթյան Դանիայից հայտնաբերված կեչու խեժի կտորը, որը մոտավորապես 5700 տարեկան է: Նոր հայտնագործությունը ենթադրում է, որ հարուցիչը այս ժամանակահատվածում շրջանառվել է Արևելյան Եվրոպայում: Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր մարդկանց և ընտանի կենդանիների միջև սերտ շփումով։
Նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանի կլիման պահանջում էր, որ անասունները ցուրտ ձմեռային սեզոնին պահվեն անմիջապես մարդկային բնակարաններում կամ դրանց շատ մոտ: Ահա թե ինչպես են մարդիկ վարակվել ընտանի կենդանիներին բնորոշ բակտերիալ վարակներով, բացատրում են գիտնականները:



























