ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին համապատասխան՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին ուրբաթ հայտնել է, որ հրամայել է գլխավոր դաշնային դատախազին հետաքննել սեքսուալ հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի կապերը Թրամփի քաղաքական հակառակորդների հետ, ներառյալ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, տեղեկացրել է Associated Press-ը։

Բոնդին տեղեկացրել է, որ Մանհեթենի դատախազ Ջեյ Քլեյթոնին նշանակում է հետաքննության ղեկավար՝ ավարտելով իրադարձություններով հարուստ շաբաթը, որի ընթացքում Կոնգրեսի հանրապետականները հրապարակել են մոտ 23 հազար էջ փաստաթղթեր Էփշթեյնի գույքից, իսկ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները առգրավել են էլեկտրոնային նամակները՝ Թրամփի հիշատակմամբ։

Թրամփը, որը երկար տարիներ ընկերություն է արել Էփշթեյնի հետ, չի բացատրել, թե ինչ ենթադրյալ հանցագործություններ կուզենար, որ արդարադատության նախարարությունը հետաքններ։ Սոցցանցերի գրառման մեջ, որով պահանջում էր հետաքննություն իրականացնել, նրա հիշատակած ոչ մի տղամարդ չի մեղադրվել Էփշթեյնի զոհերից որեւէ մեկի հանդեպ սեքսուալ ոտնձգության մեջ։

Բոնդիի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփը սոցցանցերում հրապարակել է տեղեկություն այն մասին, որ ինքը կխնդրի Բոնդիին, արդարադատության նախարարությանը եւ ՀԴԲ-ին հետաքննել Էփշթեյնի կապերը Քլինթոնի եւ այլոց հետ, ներառյալ ֆինանսների նախկին նախարար Լարի Սամերսը եւ LinkedIn-ի հիմնադիր  եւ դեմոկրատական կուսակցության դոնոր Ռիդ Հոֆմանը։