Fiat ավտոարտադրողը ներկայացրել է թարմացված հիբրիդային 500-ը՝ կոմպակտ քաղաքային մեքենա՝ 64 ձիաուժ հզորությամբ «փափուկ» հիբրիդային համակարգով և մեխանիկական փոխանցման տուփով, գրում է Autocar-ը։
Մոդելը Մեծ Բրիտանիայում կթողարկվի հաջորդ ամառ և կվաճառվի ամբողջությամբ էլեկտրական 500e-ին զուգահեռ։ Արտաքուստ երկու տարբերակները գրեթե չեն տարբերվում. ոճային ուրվագիծ, կոկիկ գծեր և լուսարձակների ֆիրմային «զարմացած» հայացք։ Մեքենան հասանելի կլինի ինչպես հեչբեք, այնպես էլ կաբրիոլետ թափքով։
Նոր հիբրիդային համակարգը հիմնված է 1,0 լիտր ծավալով եռագլան բենզինային շարժիչի վրա, որին օգնում է 12 վոլտանոց փոքր մարտկոցը։ Ամբողջ հզորությունը փոխանցվում է առջևի անիվներին 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի միջոցով։ Մեքենայի դինամիկան համեստ է. հեչբեքը 100 կմ/ժ արագություն է զարգացնում մոտ 16 վայրկյանում, իսկ կաբրիոլետը՝ մի փոքր ավելի դանդաղ։ Փոխարենը մեքենան խոստանում է խնայողություն և հանգիստ քաղաքային բնավորություն. արտադրողը հենց այդ նպատակն է ունեցել։
Հիբրիդային տարբերակի հարթակը նույնն է, ինչ էլեկտրական 500e-ինը, ուստի Fiat-ը կարողացել է թարմացնել մոդելը՝ առանց գլոբալ վերափոխումների։
Արտաքուստ տարբերությունները նվազագույն են՝ միայն փոփոխված առջևի վանդակաճաղը, որն անհրաժեշտ է բենզինային շարժիչի հովացման համար։ Սրահում գրեթե ամբողջությամբ կրկնվում է 500e-ի ինտերիերը՝ 10,25-դյույմանոց մեծ սենսորային էկրան, պահպանման համար նախատեսված նոր հարմարավետ խորշեր և ղեկին ավելի մոտ տեղափոխված փոխանցման տուփի լծակ։
Fiat-ը մոդելի արտադրությունը Լեհաստանի Տիխի քաղաքից կտեղափոխի իր իտալական Միրաֆիորի գործարան, որտեղ այժմ թողարկվում է նաև էլեկտրական 500e-ն։ Ընկերությունում նորույթը նկարագրում են որպես «արդյունավետ քաղաքային մեքենա», որը ստեղծված է նրանց համար, ովքեր ցանկանում են դասական ոճի, խնայողության և սպասարկման պարզության համադրություն։