Մալայզիացի կենսաբանները հայտնաբերել են, որ արևադարձային անկողնային Cimex hemipterus փայտոջիլները խայթոցից հետո կարող են պահպանել մարդու ԴՆԹ-ն շուրջ 45 օր: Scientific Reports-ում հրապարակված հետազոտության արդյունքները ենթադրում են, որ այդ միջատները անսպասելի հանցանշանների աղբյուր կարող են դառնալ:
Հետազոտողները պարզել են, որ անկողնային փայտոջիլների ստամոքսի պարունակության վերլուծության միջոցով կարելի է պարզել կծած մարդու սեռը, աչքերի, մազերի և մաշկի գույները: «Մենք անկողնային փայտոջիլներին անվանում ենք «թշնամի վերմակի տակ», բայց նրանք կարող են նաև լինել հանցագործությունները բացահայտելուն օգնող լրտեսներ»,- նշել է միջատաբան Աբդուլ Հաֆիզ Աբ Մաջիդը:
Հետազոտությունը տևել է գրեթե հինգ տարի: Լաբորատորիայում 23-24°C ջերմաստիճանում գիտնականները մեծացրել են անկողնային փայտոջիլներին և կերակրել նրանց ընդամենը 1,5-5,3 միկրոլիտր արյան բաժիններով: Այնուհետև մասնագետները նրանցից հանել են ԴՆԹ-ն և վերլուծել այն՝ օգտագործելով STR և SNP մարկերներ:
Նույնիսկ 45 օր անց գենետիկական նյութը պահպանել է բավարար տեղեկատվական բովանդակություն՝ հիմնական ֆենոտիպային հատկանիշները վերականգնելու համար: Հաֆիզը նշում է, որ անկողնային փայտոջիլները զգալի առավելություն ունեն մոծակների և ճանճերի նկատմամբ. նրանք հազվադեպ են անցնում իրենց կերակրման վայրից վեց մետրից ավելի։ Դա նվազեցնում է դատաբժշկական վերլուծության ժամանակ սխալվելու ռիսկը։
Այս միջատները կարող են օգտակար լինել այն դեպքերում, երբ հանցագործը ոչնչացրել է կենսաբանական հետքերը։ Անկողնային փայտոջիլները հեշտությամբ մնում են աննկատ՝ ներքնակների, կահույքի և բարձերի տակ, բայց նրանք կարող են պահպանել այն վերջին մարդու ԴՆԹ-ն, որն ակամա նրանց արյան սնուցման աղբյուր է դարձել։
Հետազոտության համահեղինակ Լիմ Լին նշում է, որ ինքն էլ մասնակցել է փորձին որպես արյան դոնոր։ Ըստ նրա՝ անկողնային փայտոջիլներն «այնքան էլ վախենալու չեն», որքան շատերին թվում է, և վտանգավոր հիվանդություններ չեն տարածում, թեև նրանց խայթոցները կարող են տհաճություն պատճառել։
Գիտնականներն ընդգծում են, որ մեթոդն ունի սահմանափակումներ. ԴՆԹ-ն պահպանվում է առավելագույնը վեց շաբաթ, իսկ այդ մոտեցումը կարող է կիրառվել միայն այն վայրերում, որտեղ անկողնային փայտոջիլները իրականում առկա են։ «Դա համադարման չէ, փոխարենը նոր գործիք է, որը միջադեպից հետո առաջին օրերին և շաբաթներին կարող է օգնել հետաքննությանը»,- եզրափակել է Հաֆիզը։




























