Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է բջջային հեռախոսների արգելքը ավագ դպրոցներում տարածելու իր մտադրության մասին, հաղորդում է BFMTV-ն։
Արգելքն արդեն գործում է միջնակարգ դպրոցներում։
«Մենք բջջային հեռախոսները հանել ենք միջնակարգ դպրոցներից։ Հավանաբար, այս կանոնը կտարածենք նաև ավագ դպրոցներում հաջորդ ուսումնական տարում», - ասել է Էմանուել Մակրոնը ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին, Միրեկուրում (Վոգեզի դեպարտամենտում)։
«Այստեղ դուք սովորում եք և մտքեր փոխանակում»,- ասել է նա՝ բացատրելով, որ կրթության նախարար Էդուարդ Ժեֆրին «ուսումնասիրում է այս հարցը»։
«Մենք տեսնում ենք միայնության և հոգեկան առողջության խնդիրների աճ մեր երիտասարդների շրջանում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հայտարարելով «ծնողներին ուղղված լայնածավալ հաղորդակցման և կանխարգելման արշավի» մեկնարկի մասին։
Այնուամենայնիվ, այս միջոցառումը դժվար է իրականացնել, նշում են ֆրանսիական լրատվամիջոցները։
«Մենք սա քոլեջներում արեցինք փորձնական հիմունքներով. ներդրեցինք անցյալ տարվա սեպտեմբերին, և այն բավականին լավ է աշխատում»,- վստահեցրել է պետության ղեկավարը։
«Թվային ընդմիջումը» (միջնակարգ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելքը) այս տարի աստիճանաբար ներդրվում է՝ անցյալ տարի մոտ 100 միջնակարգ դպրոցներում փորձնական կիրառումից հետո։
Հեռախոսներն արդեն արգելված են 2018 թվականին ընդունված օրենքով՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց, սակայն այս արգելքը երբեմն դժվար է կիրառել։ Դպրոցներում հեռախոսներն արգելող նոր քաղաքականությունը պահանջում է, որ աշակերտներն անհրաժեշտության դեպքում դասի ժամանակ իրենց հեռախոսները թողնեն պահարաններում, դպրոցական պայուսակներում կամ ուսապարկերում։




























