Եվրահանձնաժողովը պատրաստել է Ուկրաինային փոխհատուցման վարկ տրամադրելու ծրագիր, որը ներառում է ԵՄ այլ երկրներում, ոչ միայն Բելգիայի Euroclear պահոցում, սառեցված ռուսական ակտիվները։ Դա Բելգիայի կառավարության պահանջներից մեկն էր, բայց այն դեռևս չի բավարարվել երկրի ռիսկերը մեղմելու համար նախատեսված մեխանիզմի իրավական մանրամասներով։
Եվրահանձնաժողովի ծրագիրը նախատեսում է առավելագույնը 210 միլիարդ եվրո վարկ։ Դա բաղկացած է Ռուսաստանի բանկի Euroclear հաշվին պահվող 140 միլիարդ եվրո կանխիկ մնացորդներից։ Այն ներառում է նաև ԵՄ այլ երկրներում բանկային հաշիվներում սառեցված միջոցներ, գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի փաստաթղթին։
Ըստ Եվրահանձնաժողովի ծրագրի՝ այդ ընդհանուր գումարից 115 միլիարդ եվրոն կուղղվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորմանը։ Մնացած 95 միլիարդ եվրոյից Կիևը կվերադարձնի 45 միլիարդ եվրոն, որը G7 երկրները ավելի վաղ տրամադրել էին որպես գրավ՝ ռուսական ակտիվներից ապագա եկամուտների դիմաց։ Եվս 50 միլիարդ եվրո կարող է օգտագործվել բյուջետային կարիքների համար։
ԵՄ-ում ռուսական ակտիվների առգրավումը փոխզիջում չի պահանջի և կհաստատվի ձայների որակյալ մեծամասնությամբ, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Նման կերպ ԵՀ-ն նպատակ ունի շրջանցել այն վետոն, որը կարող է կիրառել Ուկրաինային օգնության վերաբերյալ որոշումները բազմիցս արգելափակած Հունգարիան։ Բացի դրանից, Եվրահանձնաժողովն առաջարկել է Մոսկվայի պատասխան միջոցառումների շրջանակում «ժամանակավորապես» արգելել սառեցված միջոցների վերադարձը Ռուսաստան և արտասահմանյան դատարանների որոշումների կատարումը ԵՄ-ի ներսում ։
Եվրահանձնաժողովը հիմնավորել է վերոնշյալ որոշումները՝ հղում անելով ԵՄ պայմանագրերի դրույթներին, որոնք վերաբերում են «Ուկրաինայում պատերազմի համատեքստում Ռուսաստանի գործողությունների հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններին»՝ ի պատասխան անհրաժեշտ արտակարգ միջոցառումներին։
Նման միջոցառումները նախատեսված են նաև Բելգիայի մտահոգությունները վերացնելու համար, որը պաշտպանություն է պահանջել Euroclear-ից առգրավված միջոցները անհապաղ վերադարձնելու հարկադրանքի ռիսկի ի հայտ գալու դեպքում։ Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման կամ իր պահուստների վերաբերյալ դատական վեճում վերջինիս հաղթանակի արդյունքում։
Սակայն Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն չորեքշաբթի առավոտյան՝ Եվրահանձնաժողովի փաստաթղթի հրապարակումից առաջ, հայտարարել է. «Հանձնաժողովի այսօր ներկայացրած տեքստը չի բավարարում մեր պահանջները... Մեր դուռը միշտ բաց է եղել և մնում է բաց [բանակցությունների համար], բայց մենք ունենք այն հիասթափեցնող զգացողությունը, որ մեզ չեն ականջալուր չեն լինում: Մեր մտահոգությունները խիստ նվազեցվում են»։
Պրևոն ԵՄ-ն առաջարկել է ակտիվները բռնագրավելու փոխարեն Ուկրաինային վարկ տրամադրելու համար վարկ վերցնել: Եվրահանձնաժողովի ծրագիրը որպես այլընտրանք առաջարկում է 90 միլիարդ եվրոյի վարկ, որը կծածկի Կիևի կարիքների երկու երրորդը։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը, Պրևոյի հայտարարությունից կարճ ժամանակ անց, նշեց որ իր կարծիքով, ակտիվների սառեցման տարբերակը դեռևս մնում է հիմնականը: Չնայած Բելգիայի մտահոգություններն արդարացված են, նա նշեց, որ «խնդիրները կարելի է լուծել»։





























