Kia ընկերությունը ներկայացրել է նոր ֆուտուրիստական ​​կոնցեպտային մեքենա՝ «Vision Meta Turismo» անվամբ։ Այն չորս դռնանի սուպերմեքենա է, որը նպատակ ունի ցուցադրել իր ապրանքանիշի արագ եւ տեխնոլոգիապես առաջադեմ մեքենաների մոտ ապագայի տեսլականը, գրել է Autocar-ը։

Կոնցեպտի ամենանկատելի առանձնահատկությունը նրա ամբողջությամբ վերափոխված արտաքինն է։ Ֆիրմային «վագրի մորթուց» հետք անգամ չի մնացել. առջեւի մասը, կարծես, «հոսում է» վեր՝ «լուծվելով» դիմապակու հետ։

Թվում է, թե թափքն այլեւս վիզուալ առումով առանձնացված չէ մեքենայի առջեւի գծից։ Մինչդեռ ինտերիերը տեղաշարժված է առաջ՝ ժամանակակից էլեկտրական մեքենաների բնորոշ առանձնահատկություն, ինչը ենթադրում է, որ «Vision Meta Turismo»-ն նույնպես հիմնված է էլեկտրական պլատֆորմի վրա։

Մոդելը նման է պրեմիում սպորտային սեդանների, բայց Kia-ի արտադրած յուրաքանչյուր նմուշից զգալիորեն ավելի համարձակ եւ ֆուտուրիստական ​​տեսք ունի։

Ներսում կոնցեպտն ավելի անսովոր է։ Kia-ն հրաժարվել է ավանդական կոճակներից, էկրաններից եւ գսարքերից՝ ամեն ինչ հասցնելով մինիմալիզմի եւ խելացի տեխնոլոգիաների։ Տեղեկատվության մեծ մասը պրոյեկտվում է դիմապակու վրա՝ օգտագործելով լրացված իրականություն (AR-HUD), ղեկը փոխարինվել է մրցարշավային լծակներով, իսկ ավանդական կառավարման լծակը՝ բազկակալի վրա տեղադրված ջոյսթիքով։

Մեքենան ստեղծողներն ընդգծել են, որ ինտերիերը «մարդակենտրոն» է. պարզ ձեւեր, հարմարավետություն եւ թվային ինտերֆեյսներ, որոնք չեն ծանրաբեռնում։

Ընկերությունը նշել է, որ «Vision Meta Turismo»-ն ոչ միայն շոու-մեքենա է ցուցահանդեսի համար, այլեւ ապրանքանիշի ապագա դիզայնի ուղղության ցուցադրությունը։

Այն համատեղում է GT դասի սպորտային բնույթը, հարմարավետությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաները։ Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք այս կոնցեպտը կդառնա սերիական մոդելի նախատիպ, բայց ոգով այն նման է Kia-ի անցյալ տարիների սպորտային սեդանների հնարավոր ժառանգորդին։