Գերմանացի միլիարդատեր Ֆրիդհելմ Լոն հանրության համար բացել է մեքենաների իր անհավանական հավաքածուն, որի արժեքը մոտ 1,5 միլիարդ դոլար է, հայտնում է Motorious-ը։

Այժմ հազվագյուտ սուպերքարերն ու հիպերքարերը կարելի է տեսնել Nationales Auto Museum-ում, որը գտնվում է Ֆրանկֆուրտից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա։

Այցելուներին հասանելի են հարյուրավոր մեքենաներ՝ ժամանակակից հիպերքարերից մինչև պատմական հազվագյուտ նմուշներ։ Դրանց թվում են Բուգատի Չենտոդիեչին, Մերսեդես-ԱՄԳ Ուանը, Լամբորգինի Ավենտադոր SVJ-ը, ինչպես նաև պաշտամունքային Ֆերարի F40-ը, Մերսեդես-Բենց CLK GTR-ը, նախատիպեր, անցյալ տասնամյակների մրցարշավային բոլիդներ և ԲՄՎ-ի եզակի տուրինգային ավտոմեքենաներ։

Ցուցադրությունը կազմակերպված է այնպես, որ յուրաքանչյուր մեքենա արվեստի գործի տեսք ունենա. բազմամակարդակ հարթակներ, սրահների մեղմ կորություններ, լայն տարածություններ, որոնք ընդգծում են թափքերի ձևն ու գծերը։ Հավաքածուն կենդանի է. Ֆրիդհելմ Լոն պարբերաբար թարմացնում է այն, ուստի կրկնակի այցելությունը գրեթե միշտ որևէ նոր բան է բացահայտում։

Մուտքի տոմսն արժե 30 դոլարից պակաս, ինչն այցելությունը մատչելի է դարձնում՝ չնայած ցուցանմուշների ապշեցուցիչ արժեքին։