Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան համոզված է, որ ԵՄ-ի հետ տեխնիկական բանակցությունների ապաշրջափակումը թույլ կտա գործընթացն ավելի արագ ավարտել, քան պահանջում է Եվրահանձնաժողովը։
Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով Լվովում ԵՄ Խորհրդի նիստից հետո «Եվրոպեյսկայա պրավդա»-ի տրված հարցին։
Կաչկայի խոսքով՝ արագացման օգտին է վկայում այն, որ այժմ խոսքը ոչ միայն տեխնիկական բանակցային գործընթացի, այլև անվտանգության հարցերի մասին է։ Բացի այդ, նա հղում է արել Եվրոպական հանձնաժողովի գնահատականին։
«Այս աշնանը Եվրահանձնաժողովը հայտնել է, որ բանակցությունները պետք է ավարտվեն 2028 թվականին։ Դա նշանակում է, որ մեր ամբողջ տնային առաջադրանքը (որն անհրաժեշտ է բանակցային գործընթացն ավարտելու համար) պետք է կատարվի առաջիկա 24 ամիսների ընթացքում», - ընդգծել է նա։
«Իսկ հաշվի առնելով, որ (Ուկրաինայի՝ ԵՄ-ին) անդամակցությունը ապագա խաղաղության բանակցությունների, ինչպես նաև անվտանգության երաշխիքների հիմնաքարերից մեկն է, այդ ժամկետը կարող է նույնիսկ 24 ամսից էլ կարճ լինել», - նշել է Ուկրաինայի փոխվարչապետը։
Կաչկան նաև ընդունեց, որ ներկայումս չկա որևէ պատճառ՝ հունգարական շրջափակման մասին որպես Ուկրաինայի հետագա առաջընթացի խոչընդոտ խոսելու համար, քանի որ այժմ ամեն ինչ կախված է ուկրաինական գործողություններից։
«Ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Այս պահին սա 100%-ով վերաբերում է ուկրաինական բարեփոխումներին և դա կախված կլինի նրանից, թե որքան արագ կարող ենք առաջ շարժվել», - խոստովանել է նա։
Ավելի վաղ Լվովում՝ Ընդհանուր գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստում, ԵՄ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ տեխնիկական բանակցությունների նոր ձևաչափի մեկնարկի մասին, որը չի ենթարկվի Հունգարիայի վետոյին։





























