Սիդնեյում տեղի ունեցած վերջին ահաբեկչության կապակցությամբ Նյու Յորքի և Լոս Անջելեսի ոստիկանությունները Խանուկայի հրեական տոնակատարության ընթացքում անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել։
«Ներկայումս այստեղ Խանուկայի տոնակատարությանը կոնկրետ կամ հավաստի սպառնալիք չկա, սակայն Նյու Յորքի ոստիկանությունը լիարժեք կազմով ներգրավված կլինի միջոցառումներում և սինագոգների մոտ, որպեսզի մեր համայնքները կարողանան ապահով հավաքվել», - ասվում է Նյու Յորքի վարչակազմի հայտարարության մեջ։
Լոս Անջելեսի ոստիկանությունն իր հերթին նույնպես հայտարարել է, որ, չնայած ուղղակի սպառնալիքների բացակայությանը՝ տեղական իշխանությունները զգոն կլինեն։ Անվտանգությունն ապահովելու համար իրավապահ մարմինների աշխատակիցները կուժեղացնեն հրեական հաստատությունների և Խանուկայի տոնակատարության վայրերի մոտ ներկայությունը։
Կիրակի օրը չարագործները կրակ են բացել Սիդնեյի Բոնդայ լողափում գտնվող մարդկանց վրա։ Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության տվյալներով, դրանք երկու տղամարդ են եղել, 50 և 24 տարեկան՝ հայր և որդի։ Հրաձգության հետևանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողներից մեկը․ տուժել է 40 մարդ։ Իսրայելական Kan հանրային ռադիոհեռուստաընկերությունը հստակեցրել է, որ կրակոցները տեղի են ունեցել Խանուկայի մոմերը վառելու արարողության ժամանակ, որին հավաքվել են տեղի հրեական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ինչպես ավելի ուշ հայտնել է նահանգի ոստիկանությունը, ահաբեկչության վայրից առգրավվել են երկու ակտիվացված ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք հետագայում վնասազերծվել են սակրավորների կողմից։





























