Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քիչ առաջ ժամանեց դատարան։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղվան Գառնիկի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ:

Նշված գործով Վ.Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, այնուհետև՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցրած Ա.Հովսեփյանի դրդմամբ, 2017 թվականի ապրիլի 10-ին վատնել է Վարշամ Ղարիբյանի կողմից իրեն վստահված Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Գ1 թաղամասի թիվ 29/11 հասցեում գտնվող 3,0078 հեկտար մակերեսով առանձնապես խոշոր չափերով՝ 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը՝ այն համապատասխան պայմանագրով նվիրաբերելով Ա. Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին, որի սեփականության իրավունքն այդ հողամասի նկատմամբ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցվել է նույն թվականի ապրիլի 13-ին:

Դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ, նշված քրեական գործից անջատվել էր Վ.Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը, Մարկոսյանը հայտարարել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում և միջնորդել է կիրառել համաձայնեցման վարույթ: Դատարանն ամբաստանյալի այդ միջնորդությունը բավարարել է: Վերջինս դատապարտվել էր 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն համաներումով ազատ էր արձակվել։