ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) 1965 թվականին իրականացված գաղտնի գործողության ընթացքում Հիմալայներում միջուկային գեներատոր է կորցրել, որը պլուտոնիումային ռադիոակտիվ պարկուճներ է պարունակում։ 60 տարի անց այդ սարքը կարող է վտանգ ներկայացնել Հնդկաստանի բնակիչների համար, հայտնում է The New York Times (NYT) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի տեղեկությունների՝ 1965 թվականին ԱՄՆ-ն ծրագրել է լրտեսել Չինաստանին։ Այդ նպատակով ԿՀՎ-ն Նանդա-Դևի լեռան գագաթ է ուղարկել լեռնագնացների մի խումբ, որոնք պետք է տեղադրեին հետևման հատուկ սարքավորումներ, այդ թվում՝ SNAP-19C շարժական միջուկային գեներատորը։ Ձնաբքի հանկարծակի սկսվելուց հետո արշավախումբը ստիպված է եղել լքել ճամբարը և ողջ տեխնիկան թողնել բարձունքի վրա։ Երբ լեռնագնացները 1966 թվականին վերադարձան այնտեղ, այդպես էլ չկարողացան գտնել գեներատորը։
ԿՀՎ-ն 1967 և 1968 թվականներին որոնողական գործողություններ կազմակերպելու երկու փորձ է կատարել, սակայն դրանք անհաջող են անցել, նշել է պարբերականը։ SNAP-19C սարքի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Պարբերականն ընդգծել է, որ գեներատորը պլուտոնիումային պարկուճներ է պարունակում. պլուտոնիումը թունավոր նյութ է, որը կարող է քաղցկեղ առաջացնել։ Քաղաքական գործիչները և բնապահպանները մտավախություն ունեն, որ սարքը կարող է հայտնվել լեռնային առվակի մեջ և ռադիոակտիվ նյութեր արտանետել Գանգես գետի վերին հոսանքները, որը կենսական նշանակություն ունի Հնդկաստանի հարյուր միլիոնավոր բնակիչների համար։





























