Հայաստանն ու Չինաստանը միանշանակ վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության հետ կապված մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Չինաստանում Հայաստանի դեսպան Վահե Գևորգյանը «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ» խորագրով համաժողովի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 31-ին, Տյանցզինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև կայացած հանդիպումից հետո, հայտարարվել է կողմերի միջև ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին։
Դիվանագետը պարզաբանել է, որ ռազմավարական գործընկերությունը ներառում է երկու երկրների համագործակցության սկզբունքների, որակի և օրակարգի վերաբերյալ կոնսենսուսը, ինչն արտացոլված է համատեղ հայտարարության մեջ։
Նրա գնահատմամբ՝ բովանդակության տեսանկյունից նման համապարփակ փաստաթղթի ընդունումն աննախադեպ է հայ-չինական հարաբերությունների համար։ Գևորգյանը հավելել է, որ առաջին անգամ է ընդունվել համատեղ փաստաթուղթ, որում միջպետական հարաբերությունները դիտարկվում են երեք հարթությունների համատեքստում՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն։ Կողմերը բոլոր հարթակներում համագործակցության կոնկրետ և հստակ սկզբունքներ են համաձայնեցրել։
Նա ընդգծել է, որ համատեղ տեքստը հատկապես ուշագրավ է հայ-չինական համագործակցության տարածաշրջանային բաղադրիչի ամրապնդման, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին կողմերի փոխադարձ աջակցության տեսանկյունից։
«Համատեղ հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև միջազգային համագործակցության կազմակերպություններին, նախևառաջ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում փոխգործակցության զարգացմանը։ Այս առումով անցնող տարին նույնպես նշանակալի էր, քանի որ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ընդլայնված մասին և ներկայացվեց անդամակցության վերաբերյալ Հայաստանի հայտը»,- պարզաբանել է դիվանագետը:
Նրա գնահատմամբ՝ հայ-չինական համագործակցությանը ռազմավարական բնույթ հաղորդելու որոշումը հիմնված է երկու երկրների ժողովուրդների միջև առկա բարեկամության և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրված հաջողությունների վրա։
«Ներկայիս իրավիճակը բարենպաստ է բոլոր ոլորտներում հայկական և չինական կողմերի միջև համագործակցության զարգացման համար, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման բնագավառում», - եզրափակել է Գևորգյանը:





























