Mercedes-Benz ավտոմեքենաների հազվագյուտ մասնավոր հավաքածուն, որի արժեքը գերազանցում է 5 միլիոն դոլարը, 2026թ․ հունվարին միջազգային աճուրդի կհանվի Փարիզում RM Sotheby's-ի կողմից, տեղեկացրել է Motorious-ը։
Silver Star («Արծաթե աստղ») անվամբ հայտնի հավաքածուն բաղկացած է վեց կուլտային մեքենաներից, որոնք ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ հետպատերազմյան մոտոսպորտի լեգենդներից մինչեւ ժամանակակից սպորտային մոդելներ։
Ուշադրության կենտրոնում են երկու դասական Mercedes-Benz 300 SL-ներ՝ մեկը 1954թ․, որն առաջին արտադրված մեքենաներից մեկն է, իսկ մյուսը՝ 1962թ․ ռոդսթեր։ Առաջին մեքենան, որը սկզբում մատակարարվել էր Նյու Յորք, վերականգնվել է 2016թ․ եւ այժմ գնահատվում է մոտ 2 միլիոն դոլար, մինչդեռ ռոդսթերը, որը սկզբում մատակարարվել էր Անգլիա եւ ուներ իր օրիգինալ կարմիր գույնը եւ կրեմագույն ինտերիերը, կարող է վաճառվել 1.4-1.8 միլիոն դոլարով։
Հավաքածուն ներառում է նաեւ 2010թ․ SLR McLaren Roadster-ը՝ մեկը արտադրված ընդամենը 520 նմուշներից, որն ունի 5.4 լիտրանոց AMG V8 գերլիցքավորված շարժիչ եւ գնահատվում է մինչեւ 558 հազար դոլար: Այս մոդելը ներկայացնում է «Sport Light Racing» սպորտային մեքենաների փիլիսոփայության էվոլյուցիան, որը մշակվել է McLaren-ի հետ համագործակցությամբ:
Լոտում ներառված են նաեւ 2013թ․ երկու Mercedes-Benz SLS AMG-ներ՝ մեկ կուպե եւ մեկ ռոդսթեր, որոնցից յուրաքանչյուրն ունի մթնոլորտային V8 շարժիչ եւ յուրահատուկ «ճայի թեւ» դռան դիզայն. դրանց ակնկալվող արժեքը համապատասխանաբար կազմում է մոտավորապես 341 եւ 305 հազար դոլար: Մեքենաներից յուրաքանչյուրն անցել է մոտ 3 700 մղոն:
Հավաքածուն լրացնում է 1969թ․ Mercedes-Benz 280 SL «Pagoda»-ն՝ վերականգնված վիճակում՝ իր սկզբնական ինտերիերով, որի արժեքը կազմում է մոտ 164 հազար 500 դոլար:
Բոլոր վեց մեքենաներն առաջարկվում են մեկ լոտով՝ մեկ սեփականատիրոջ կողմից, եւ հստակ ցույց են տալիս Mercedes-Benz-ի ճարտարագիտության, դիզայնի եւ մրցարշավային ավանդույթների զարգացումը տասնամյակների ընթացքում՝ դասականից մինչեւ ժամանակակից բարձրարդյունավետ տեխնիկա։




























