Peugeot ավտոարտադրողը դիտարկում է Peugeot 508 ունիվերսալի իրավահաջորդի կամ այդ սեգմենտի այլ մոդելի ստեղծման հնարավորությունը, որպեսզի կրկին ընդլայնի իր մոդելային շարքը հեչբեքներից և քրոսովերներից դուրս. հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեն Ֆավեն։ Հաղորդում է Autocar-ը:
Միջին դասի Peugeot 508 մոդելը, որը Volkswagen Passat, Skoda Superb և Volvo V60 մոդելների մրցակիցն էր, արտադրվում էր 2010 թվականից՝ չորսդռնանի լիֆթբեքի և ավելի հանրահայտ ունիվերսալի տեսքով։ Սակայն դրա վաճառքի ցուցանիշները ցածր էին. Միացյալ Թագավորության շուկայում երկրորդ սերնդի ընդամենը մոտ 7000 մեքենա էր վաճառվել, իսկ մոդելի արտադրությունը դադարեցվեց 2025 թվականի գարնանը՝ առանց երրորդ սերնդի նախապատրաստման։
Ֆավեն նշել է, որ ունիվերսալների շուկան այժմ ավելի փոքր է, քան այն ժամանակ, երբ Peugeot-ն առաջին անգամ շուկա հանեց Peugeot 508 մոդելը. պատճառը հիմնականում ամենագնացների և քրոսովերների հանրահայտության աճն է։ Այդուհանդերձ, նա կարծում է, որ պետք է մտածել, թե ինչ է լինելու «քրոսովերներից հետո», և Peugeot-ն չի բացառում վերադարձն այս տիպի մեքենաներին, եթե ապագա արտադրանքի համար գտնվի «ճիշտ բաղադրատոմս»։ «Դա կարող է լինել ունիվերսալ կամ այլ բան, չգիտեմ»,- ասել է նա։
Ընկերությունում ընդգծում են, որ դասական ունիվերսալները զիջել են վաճառքի ծավալներով, սակայն շուկայում դեռևս կան մոդելներ, որոնք կարող են բնական մրցակից դառնալ Peugeot 508 մոդելի հնարավոր իրավահաջորդի համար։ Դրանց թվում նշվում են BYD Seal 6, Toyota bZ4X Touring և Subaru E-Outback մոդելները։
Ֆավեն հաստատել է, որ Peugeot-ն բաց է ունիվերսալ թափքով մեքենաների սեգմենտում կամ նմանատիպ լուծումներում հանդես գալու գաղափարի համար՝ նույնիսկ չնայած քրոսովերների ներկայիս գերիշխանությանը, և ընկերությունը մոդելային շարքի զարգացման իր ապագա ռազմավարության մեջ բացարձակապես ոչինչ չի բացառում։