Լոռիի մարզում, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, գրանցված են 11 հազար 377 աշխատանք փնտրողներ. 2010 թվականի հետ համեմատած, նրանց թիվն անցած տարեվերջին նվազել է: Նշված աշխատանք փնտրողներից մոտ 10 հազարը փաստացի գործազուրկներ են, բայց նրանցից միայն 1332-ն են այս տարվա  հունվարի 1-ի դրությամբ օգտվում գործազրկության նպաստից:

Լոռիի մարզում մեծ պահանջարկ կա հատկապես  բժշկական ու շինարարական ոլորտի մասնագետների գծով, Իսկ աշխատանք փնտրողների թիվն օրեցօր ավելանում է:  Բացի այդ, մեծ թվով բաց աշխատատեղեր կան նաեւ խոհարարների ու մատուցողների համար:

Զբաղվածության Լոռիի մարզի տարածքային կենտրոն դիմում են հավասարապես եւ կանայք, եւ տղամարդիկ: Կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աշխատանք փնտրողներն հիմնականում 35-50 տարեկան միջնակարգ եւ միջին մասնագիտական կրթություն ստացած մարդիկ են, ավելի քիչ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցող անձինք: Հատկապես այս տարիքային խմբի գործազրկության փաստն Արա Առաքելյանը պարզաբանում է երիտասարդների առավել ճկուն ու եռանդուն լինելով,  իսկ ավելի մեծ տարիքային խմբի մարդիկ դժվարությամբ են փոխում հին աշխատանքը նորով, այս առումով վերապատրաստման դասընթացների մեծ բացթողումներ կան:

Բացի պահանջվող մասնագիտական գիտելիքներից, որպես հավելյալ պայման այսօր հիմնականում դիտվում է համակարգչային գիտելիքների իմացությունը, որին, ավելի վարժ տիրապետում են հատկապես երիտասարդները:

Ըստ Զբաղվածության Լոռիի մարզի տարածքային կենտրոնի տնօրենի, գործազրկության մակարդակի բարձրացումն հիմնականում կապված էր համաշխարհային ճգնաժամի հետ, երբ կրճատումներ եղան առավել խոշոր ձեռնարկություններում, Լոռիի մարզում այդպիսիք եղան «Ավտոգեն-Էմ»-ն ու Վանաձորի քիմիական գործարանը:

Հավելենք, որ մարզի գործազրկության հիմնական տոկոսն հենց մարզկենտրոն Վանաձորում է: