ՍԱՏՄ-ն անդրադարձել է Ղազախստանից ներկրված ցորենի թեմայի շուրջ սոցցանցերում տարածվող տեղեկություններին։

Հայտարարությունում ասվում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հստակ կատարել է իր գործառույթները՝ իրականացնելով նմուշառում թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ Ղազախստանի Հանրապետությունից ներկրված ցորենի խմբաքանակներից:

Լաբորատոր փորձարկումներն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում երեք ուղղություններով՝

1․ բուսասանիտարական փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» պահանջների.

2․ անվտանգության ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն Մաքսային Միության «Հացահատիկի անվտանգության մասին» 015/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջների.

3․ որակի ցուցանիշների փորձարկումներ՝ համաձայն ԳՈՍՏ 9353-2016 «Ցորեն․ տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջների:

Փորձարկումների արդյունքները հետևյալն են՝

բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջատաբանական, բուսաախտաբանական և մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել.

անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել

որակի ցուցանիշների փորձարկումների շրջանակում՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների, Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանել է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։

Սա է իրականությունը»։

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերին  ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով: ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ Ղազախստանից բերված ցորենը 4-րդ կարգի չէ, ինչպես ներկայացնում էին որոշ շրջանակներ: Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այն 3-րդ կարգի է: