Գիտնականները հազվագյուտ հնարավորություն են ստացել նայելու Երկրի կլիմայական անցյալին՝ մոտ 1,4 միլիարդ տարվա վաղեմության քարաղի բյուրեղների ուսումնասիրության շնորհիվ, գրում է Interesting Enginnering-ը։

Այս բյուրեղների մեջ պահպանվել են հին հեղուկի և օդի մանրադիտակային պղպջակներ, որոնք իրենցից ներկայցնում են յուրօինակ ժամանակի պարկուճներ։ Դրանք հնարավորություն են տալիս անմիջականորեն հետազոտել մթնոլորտի կազմը և շրջակա միջավայրի պայմանները մոլորակի վրա բարդ կյանքի ի հայտ գալուց շատ առաջ։

Խոսքը գոլորշիացող հին ջրավազաններում ձևավորված հալիտի բյուրեղների մասին է։ Երբ աղի նստվածքները բյուրեղացել են, դրանցում «ծրարվել» են ջրի և գազի փոքրիկ ներառումները։ Ի տարբերություն բարդ մեկնաբանություններ պահանջում անուղղակի երկրաբանական մեթոդների, այս ներառումները գիտնականներին հին մթնոլորտի ուղղակի նմուշներ են տրամադրում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ ժամանակ թթվածնի մակարդակը զգալիորեն ցածր էր ժամանակակից մակարդակներից, սակայն արդեն գերազանցում էր ավելի բարդ կյանքի ձևերի զարգացման համար անհրաժեշտ նվազագույն արժեքները։

Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ Երկրի կլիման այդ ժամանակահատվածում համեմատաբար տաք և կայուն էր։ Դա առանձնապես կարևոր է, քանի որ տվյալ դարաշրջանը պատկանում է այսպես կոչված «ձանձրալի միլիարդի»՝ երկրաբանական պատմության այն ժամանակաշրջանին, որը երկար ժամանակ կլիմայական և կենսաբանորեն միատարր էր համարվում: Նոր տվյալները կասկածի տակ են դնում այդ պատկերացումը և ցույց են տալիս, որ հենց այս ժամանակահատվածում կարող էին ստեղծվել պայմաններ, որոնք ճանապարհ հարթեցին հետագա էվոլյուցիոն առաջընթացների համար։

Գիտնականները նշում են, որ նման հայտնագործությունները կարևոր են ոչ միայն Երկրի անցյալը վերականգնելու, այլև մոլորակները բնակելի դարձնելու եղանակներն ըմբռնելու համար: Թթվածնի մակարդակի, ջերմաստիճանի և կյանքի զարգացման միջև եղած կապը ժամանակակից մոլորակային գիտության և աստղակենսաբանության հիմնական թեման է: Հին աղի բյուրեղները ցույց են տալիս, որ նույնիսկ թթվածնի համեմատաբար ցածր մակարդակի դեպքում մոլորակը կարող էր բնակելի մնալ և աստիճանաբար զարգանալ դեպի ավելի բարդ էկոհամակարգեր։

Հեղինակներն ընդգծում են, որ նման նմուշները չափազանց հազվադեպ են, և, հետևաբար, յուրաքանչյուր նման հետազոտություն զգալիորեն ընդլայնում է Երկրի վաղ պատմության մասին գիտելիքները: Գիտնականները բառացիորեն ուսումնասիրում են մոլորակի «շնչառությունը», որը պահպանվել է հանքանյութերի մեջ միլիարդավոր տարիների ընթացքում, և այդ տվյալները մեզ օգնում են նորովի հասկանալ կլիմայի և կյանքի էվոլյուցիան: