Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ ուկրաինական կարգավորումը քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ հանդիպումից առաջ։

Եվրահանձնաժողովի ղեկավարը, նկարագրելով զրույցը, որին մասնակցել են նաև մի շարք այլ եվրոպացի առաջնորդներ, սոցիալական ցանցերում գրել է, որ «առաջընթաց է գրանցվել, որը մենք ողջունել ենք»։

Նա նշել է, որ «Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցել Ուկրաինայի և մեր ամերիկացի գործընկերների հետ՝ այս առաջընթացը ամրապնդելու համար» և ընդգծել. «Այս ջանքերի հիմնական կարևորությունը առաջին օրվանից անսասան անվտանգության երաշխիքներ ունենալն է»։

Իր հերթին, Մակրոնը Զելենսկու հետ զրույցից հետո սոցիալական ցանցերում գրել է. «Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որոնք կենտրոնական դեր կունենան արդար և երկարատև խաղաղության կառուցման գործում»։

Նա հայտարարել է, որ հունվարի սկզբին Փարիզում կկայանա այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպում՝ «յուրաքանչյուր երկրի կոնկրետ ներդրման վերաբերյալ վերջնական համաձայնության գալու համար»։