Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Փիտեր Կապելիի եւ նրա գործընկերների անցկացած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ղեկավարության նույնիսկ աննշան խախտումները, ինչպիսին է ծննդյան շնորհավորանքի ուշացումը, կարող են զգալիորեն ազդել աշխատակիցների արտադրողականության վրա։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Մանրածախ առեւտրի ազգային մեծ ցանցի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ աշխատակիցներին բացիկները եւ փոքր նվերները ժամանակին չհասցնելը ղեկավարների կողմից բացակայությունները մեծացրել է գրեթե 50 տոկոսով եւ ամսական ավելի քան երկու ժամով նվազեցրել են արտադրողականությունը։
Աշխատակիցները դրան արձագանքել են ոչ ակնհայտորեն՝ ավելի շատ վճարովի հիվանդության արձակուրդ վերցնելով, ուշանալով, վաղ հեռանալով եւ ավելի երկար ընդմիջումներ անելով, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ընկերության արդյունավետության տվյալների վրա։
Հետազոտողներն ընդգծել են, որ սա ղեկավարների կողմից դիտավորյալ պատժի ձեւ չի եղել. շնորհավորանքների ուշացումները բացատրվել են այլ առաջնահերթություններով։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման «աննշան վիրավորանքները» աշխատակիցների կողմից ընկալվել են որպես հարգանքի բացակայություն, ինչն ազդել է աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա։ Երբ աշխատակիցները շնորհավորանքներ են ստացել, բացակայությունների մակարդակը վերադարձել է նորմալ չափի։
Հետազոտության հեղինակները նշել են, որ արդյունքները ցույց են տալիս մենեջերների միջանձնային հմտությունների կարեւորությունը եւ աշխատակիցների նկատմամբ նրանց ուշադիր վերաբերմունքը որպես մարդկանց, այլ ոչ թե պարզապես որպես աշխատուժի: Նույնիսկ ուշադրության պարզ արտահայտությունները եւ անձնական իրադարձությունների կարեւորության ճանաչումը նպաստել են մոտիվացիայի բարձրացմանը եւ արտադրողականության կորուստների նվազեցմանը:




























