Այսօր` փետրվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված նամականիշերի մարման պաշտոնական արարողությունը:
«Հայփոստի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարումն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Ինչպես իր խոսքում նշել է «Հայփոստի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «պետական անվտանգության խնդիրը յուրաքանչյուրիս խնդիրն է, եւ յուրաքանչյուրս պետք է զգանք այդ պատասխանատվությունը»:
Նրա խոսքերով, Հայփոստ-ը հատուկ ուշադրության է արժանացնում Հայաստանի Հանրապետության պետական տոներն ու հոբելյանները` մարելով եւ շրջանառության մեջ դնելով նամականիշեր, որոնք մեր երկրի յուրօրինակ ուղերձն են տանում աշխարհի տարբեր ծայրեր:
Հայաստանի ֆիլատեսլիստների միության նախագահ Հ. Մուսայելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը եւ «Հայփոստ»-ին` ֆիլատելիստների համար նմանօրինակ միջոցառումներ կազմակերպելու համար:
Մարված երկու նամականիշներից մեկի վրա գրաֆիկական մշակմամբ պատկերված է ՀՀ եռագույն դրոշը եւ ՀՀ զինանշանը: Երկրորդ նամականիշի վրա պատկերված են ՀՀ զինված ուժերի զորքերի տեսակներին բնորոշ պատկերներ:
ՀՀ պետական հոբելյաններին ու տոներին նվիրված նամականիշերից հարկ է առանձնացնել, օրինակ, 2011թ.-ի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մարված եւ շրջանառության մեջ դրված ՀՀ եւ ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերը: Նամականիշներ են թողարկվել նաեւ նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման 15-ամյակին եւ այլ կարեւոր հոբելյաններին:
Նամականիշի տեխնիկական տվյալներն են`
Թողարկման օր՝ 09 փետրվար 2012թ.
Դիզայներ/ նկարիչ՝ Արամ Գյումիշյան
Անվանական արժեքներ՝ 220, 280 ՀՀ դրամ
Տպարան՝ Cartor, Ֆրանսիա
Չափերը՝ 30 x 40 մմ
Շարվածքը՝ 9 նամ. մեկ թերթի վրա
Տպաքանակը՝ 50 000 x 2




























