Շերեմետևո օդանավակայանի մաքսային աշխատակիցները Դուբայից ժամանած 49-ամյա ռուսաստանցի տիկնոջ մոտ 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր են հայտնաբերել, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությանը։

ռուսաստանցի կինը կանգնեցվել է «կանաչ» միջանցքում՝ պատահականության սկզբունքով ստուգման ժամանակ, հայտնել են գերատեսչությունից։ Նրա ձեռքի ուղեբեռում Cartier-ի կարմիր պատյանների մեջ փաթեթավորված վզնոց և ապարանջան են հայտնաբերվել։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ զարդերն իսկական են և պատրաստված են 18 կարատանոց ոսկուց՝ ադամանդների, ռուբելիտի, շպինելի, ծովակնի (ակվամարին), սպեսարտիտի և ալմանդինի (նռնաքարերի խմբի տեսակներ), տանզանիտի, սուտակի և շափյուղայի ագույցներով։ Դաշնային մաքսային ծառայությունը հայտնել է, որ չվճարված մաքսային տուրքերի ընդհանուր գումարը գերազանցել է 9,9 միլիոն ռուբլին։

Ռուսաստանցի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել ըստ ՌԴ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով մաքսային տուրքերից խուսափելը): Նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում կամ մինչև 500 հազար ռուբլի տուգանք: