Կառավարությունում, այսօր` փետրվարի 10-ին, կայացել է ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հերթական նիստը։

Խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի 2010-2011 թթ. գործունեության վերաբերյալ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ոլորտում իրականացված հանրային իրազեկման («Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում» եւ «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրերով միջազգային համաժողովներ) եւ կրթական աշխատանքների, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի ու ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հետ համատեղ իրականացվող «Անվտանգ գյուղեր» պիլոտային ծրագրի ընթացքի մասին զեկուցումները։ Նշվել է նաեւ, որ ՃԵԱԱԽ-ն արժանացել է Միացյալ Թագավորության Կենտի Արքայազն Մայքլի ճանապարհային անվտանգության 2010 թ. միջազգային մրցանակին` ՀՀ ճանապարհային անվտանգության ռազմավարության ընդունման եւ կիրառման համար:

Հաջորդիվ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները։ Խորհրդի անդամները քննարկել են ՃԵԱԱԽ-ի քարտուղարության մշակած ՃՏՊ տվյալների բազայի ստեղծման ծրագիրը, որի նպատակը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ՃՏՊ տվյալների հավաքագրման բարելավումն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը` ուսումնասիրել տվյալների վերլուծության ներկայացված ծրագիրը եւ առաջարկություններ ներկայացնել դրա ձեռքբերման նպատակահարմարության կապակցությամբ:

Նիստում արծարծվել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին եւ բնակավայրերում արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջների հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի եւ կապի նախարարներին մեկամսյա ժամկետում տեղեկանք ներկայացնել` Հայաստանում ինչպիսի ստանդարտներ են գործում այդ ոլորտում,  եւ ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա խնդրին վերաբերող կանոնակարգերում եւ որոշումներում:

Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Գործողությունների տասնամյակ» միջազգային գագաթաժողովը 2012 թ. ապրիլին Երեւանում կազմակերպելու առաջարկին: Նշենք, որ 2011 թ. մայիսին Սերբիայում կայացած գագաթաժողովին տրվել է ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակը մինչեւ 2020 թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։

Խորհրդի անդամները քննարկել են նաեւ ՀՀ եւ Երեւան քաղաքի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային ռազմավարության եւ 5 տարվա գործողությունների ծրագրից բխող 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խմբագրել այն` հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները եւ դիտողությունները:

Խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայից որպես նվիրատվություն տրամադրված ամրագոտիների սարքը փոխանցել ՀՀ ոստիկանությանը: