Հայտնի կոլեկցիոներ, դիզայներ և Porsche-ի էնտուզիաստ Մագնուս Ուոքերը, որն ավտոմոբիլային միջավայրում հայտնի է Urban Outlaw մականունով, որոշել է աճուրդի հանել Porsche-ի իր անձնական հավաքածուի մեծ մասը՝ մեքենաներ և հարակից իրեր, որոնք նա հավաքել ու կատարելագործել է տասնամյակների ընթացքում, հայտնում է Motorious-ը։

The Magnus Walker Collection անվանումով աճուրդը կազմակերպում է RM Sotheby’s-ը. այն կանցկացվի 2026 թվականի մարտի 18-ից 25-ը։ Վաճառքի կհանվի շուրջ 160 լոտ՝ ավտոմեքենաներից մինչև դետալներ, աքսեսուարներ և հավաքածուի այլ իրեր՝ կապված նրա պատմության ու ոճի հետ:

Ուոքերը Porsche-ով սկսել է հետաքրքրվել դեռ 1990-ականների սկզբին, երբ 25 տարեկանում գնեց իր առաջին 911-ը: Այդ ժամանակից ի վեր այդ կիրքը որոշել է նրա կարիերան ու կյանքը. նա ոչ միայն հավաքել է հազվագյուտ և դասական մոդելներ, այլև ակտիվորեն վերականգնել ու ձևափոխել է դրանք՝ ներդնելով սեփական մոտեցումը։ Այս ոճը, որը համադրում է հարգանքը դասականի հանդեպ և անհատական փոփոխությունները, գրավել է լայն լսարանի և Ուոքերին դարձրել պաշտամունքային կերպար Porsche-ի սիրահարների շրջանում։

Հավաքածուն, որն այժմ վաճառվում է, ներառում է 911-ի տարբեր սերունդներ՝ վաղ շրջանի մոդելներից մինչև տուրբո տարբերակներ և այլ հազվագյուտ օրինակներ, ինչպես նաև տասնամյակների ընթացքում հավաքված մեծ քանակությամբ բնօրինակ դետալներ ու աքսեսուարներ։

Ավտոմոբիլային համայնքի համար նման աճուրդը հազվադեպ հնարավորություն է. սովորաբար նման մասշտաբի և պատմական արժեքի հավաքածուներ շուկայում հաճախ չեն հայտնվում։ Բացի այդ, այս իրադարձությունը շատ առումներով խորհրդանշում է Ուոքերի կյանքի և կարիերայի նոր փուլը. նա իր հավաքածուի մի մասից բաժանվելու որոշումը նկարագրում է որպես «թարմացման ձև» և հնարավորություն՝ այդ մեքենաներին նոր տերեր ու նոր պատմություններ տալու համար։